ԱՄՆ-ի իշխանությունները և Չինաստանը պետք է համագործակցեն` մշակելու համար առևտրի ու ներդրումների ոլորտի զարգացման ռազմավարություն: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Ես լրջորեն մտադիր եմ աշխատել Չինաստանի և ասիական երկրների հետ»,- ասել է Օբաման Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի հետ Կամբոջայում կայացած հանդիպման ընթացքում:
Օբաման նկատել է, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև համագործակցությունը անհրաժեշտ է «առևտրի ու ներդրումների ոլորտում հիմնական դրույթները քննարկելու համար»:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ երկու համաշխարհային գերտերությունների ուսերին ընկած է «հատուկ պատասխանատվություն»` ինչպես ճանապարհ հարթել աշխարհում կայուն զարգացման համար:
Կարճ ելույթից հետո նրանց հանդիպումը տեղի է ունեցել փակ կարգով` հաղորդում է Interfax-ը:










































