Իրադարձությունները Մերձավորարևելյան գոտում զարգանում են սրընթաց արագությամբ. սիրիական ներերկրային պատերազմին զուգահեռ, կարծես թե բավական թեժ զարգացումներ են ընթանում իսրայելա-պաղեստինյան ուղղությամբ` Գազայի հատվածում: Դժվար է ասել՝ սա արդյո՞ք հետևանք է մինչ այդ ծավալված զարգացումների, բայց կարծես թե ակնհայտ է, որ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները նոր շերտ են բացելու տարածաշրջանային զարգացումներում, նոր վեկտորներ են նախանշելու և ավելի են բացելու լայն իմաստով տարածաշրջանային խաղի սահմանները:
Այս իրադարձությունների կողքին երբ դիտարկում ենք այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ապա ներհայաստանյան իրադարձությունների մանրությունը պարզապես սարսափեցնում է աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին: Աշխարհում տեղի են ունենում լրջագույն վերափոխումներ, որոնց մի զգալի, թեժ մասը կատարվում է անմիջապես մեր հարևանությամբ, իսկ Հայաստանում ընդամենը հերթական կռիվն է իշխանության համար, բիզնեսների համար, անձնական փառքերի կամ խմբակային մխիթարանքների ու հավակնությունների համար: Այս իրավիճակը, բացարձակապես համարժեք չլինելով Հայաստանի շուրջը տեղի ունեցող զարգացումներին և մարտահրավերներին, իրականում ուղղակի սպառալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը:
Իշխանակռիվը և խոշոր կապիտալի պայքարը սեփական տարածքների համար Հայաստանը կարող են վերածել մի տարածքի, որին այդ պարագայում սպառնում է աշխարհաքաղաքական մանրադրամի վերածվելու վտանգավոր հեռանկարը: Եվ այդ իմաստով, այսօր հայաստանյան քաղաքական դաշտի, այսպես կոչված, հիմնական խաղացողները պարզապես խաղում են Հայաստանի վրա՝ պետությունը վերածելով մի մեծ խաղադրույքի:
Միևնույն ժամանակ, ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանում համարժեք քաղաքական և քաղաքացիական գործընթացների պարագայում, ինչքան էլ պարադոքսային թվա, կան իսկապես մեծ հնարավորություններ դուրս գալու այն ճահճից, որում հայտնվել ենք, կամ որում հայաստանյան քաղաքական դասը դրել է երկիրը անկախության քսան տարիների ընթացքում:
Սակայն ներկայումս Հայաստանը իրական քաղաքական ու քաղաքացիական պրոցեսներից չափազանց հեռու է, փոխարենը շատ մոտ է քաղաքական տոնավաճառներին, որտեղ «տաղավարներ» վարձած քաղաքական առևտրականների աղմուկի մեջ խլանում են բոլոր ահազանգերը:










































