Նախագահական ընտրություններից առաջ մարդիկ վաղաժամկետ ազատ են արձակվում ՔԿՀ-ներից: Հայտարարելով այս մասին` այսօր ԱԺ-ում Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության` ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը դիմեց Մարդու իրավունքների պաշտպանին՝ կոչ անելով մոնիտորինգ անցկացնել և լուրջ վերահսկողություն սահմանել, որպեսզի կալանավորները առաջիկա նախագահական ընտրություններից առաջ չօգտագործվեն որպես քարոզչամիջոց:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե մեխանիզմը լավ չի հասկանում, բայց պատրաստ է քննարկել. «Կարող ենք քննարկել, վաղաժամկետ ազատման համար քվեարկում են յոթ հոգի` փակ գաղտնի քվեարկությամբ: Այս ընթացքում 50-ից ավելի մարդու ազատ են արձակել, սակայն դժվար է հասկանալ` դա միտումնավոր է, թե ոչ, և որքանով է արդարացի»: