«Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում էի, հերթական անգամ հանդիպել եմ բերանը և աչքերը կարած մեր համաքաղաքացուն, ու հասկանում եմ, որ դա իր խնդիրները լուծելու միջոց է դարձել. դա սովորական է, թե անսովոր…»,- այսօր ԱԺ-ում Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Ըստ Անդրեասյանի՝ այդ դատապարտյալը հայտնել է, որ խոսել է պրն Թովմասյանի հետ, և խնդիրը լուծված է: ՔԿՀ ադմինիստրացիան նշում է, որ հնարավոր է` այդ մարդը շանտաժի է դիմում այդ քայլով. «Ցավոք սրտի, այդ արդարացի շանտաժը, քանի որ կարելը շանտաժ է, այնուամենայնիվ` խնդիր լուծելու համար է»: ՔԿՀ-ի ղեկավարությունն ասում է, որ ՄԻՊ-ը պետք է պաշտպանի նաև իրենց:
Կ. Անդրեասյանը նկատեց, որ այդ մարդիկ վատ վիճակում են, կոռուպցիան և այն վատ երևույթները, որ տեսնում ենք մեր սովորական կյանքում, տասնապատկվում են նման հիմնարկներում, իսկ քրեական օրենքներով բանտերում ապրողների այդ վարակը տեղափոխվում է զորամասեր, մեր կյանք, սերիալներ:
Պաշտպանի խոսքով՝ քրեական օրենքները ստիպում են նրանց գործել այսպես կամ այնպես, այդ քրեական օրենքները ծնվում են ու կան շատ կառույցներում, նույնիսկ՝ պետական, և պարզ չէ, թե որտեղից ուր է փոխանցվում:
ՀՀ-ում կա 104 ցմահ ազատազրկված, որոնց մեջ առնվազն 10-ը, իսկ իրենք ասում են՝ 97-ը, արժանի չեն ցմահ ազատազրկման: Կ. Անդրեասյանը շեշտեց, թե երբ օմբուդսմենը խոսում է դատական արդարադատությունից, թվում է, թե ինքն անձամբ խնդիր ունի դատական համակարգի հետ, բայց հենց դատական համակարգն է նման իրավիճակի պատճառը, այդ թվում՝ կենցաղային խնդիրներում արդարադատության բացակայության: Միաժամանակ` թեև քիչ, սակայն Կ. Անդրեասյանը տեսնում է նաև որոշ դրական տեղաշարժեր:









































