1915թ. այս օրը Գորիսում ծնվեց գրող Սերո Խանզադյանը:
1934թ. ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը: 1934-1941թթ. որպես ուսուցիչ է աշխատել Գորիսի շրջանի Տաթև և Խնածախ գյուղերում: 1941-1945թթ. ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1972-ից եղել է ՀԽՍՀ գրողների միության գրական խորհրդական: Նրա առաջին պատմվածքր` «Չոր տափ», լույս է տեսել 1933թ. Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում:
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, «Կարմիր աստղ», «Կարմիր դրոշ» և «Պատվո նշան» շքանշաններով: 1938թ. գրել է 10-րդ դարի Սյունիքի գյուղացիության ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը: 1950թ. հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը: Նրան ճանաչում է բերել «Հողը» (1954-55թթ) վեպը: Այնուհետև լույս են տեսել «Լալ Համազը» (1955թ.), «Որոտանի կիրճում» (1956թ.), «Քարանձավի բնակիչները» (1961թ.) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958թ.), «Հարստությունը լեռներում» (1961թ.) պատմվածքների ժողովածուները:
Գրողին ժողովրդականություն է բերել «Սխիթար Սպարապետ» (1961թ.) պատմավեպը: Հետագայում ստեղծել է «Կորած արահետներ» (1964թ.), «Քաջարան» (1965թ.), «Այրված տունը» (1965թ.), «Մատյան եղելության» (1966թ.), «Անձրևից հետո» (1969թ.), «Ինչու, ինչու» (1970թ.), «Երեք տարի, 291 օր» (1972թ.), «Սևանի լուսաբացը» (1974թ.), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976թ.) գործերը: Լավագույն գործերից է նաև «Թագուհին Հայոց» վեպը (1978թ.): Կատարել է հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասաիրություններ:շ
1978թ. «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները էկրանավորել են «Մխիթար Սպարապետ» ֆիլմը: 1943-ից եղել է Կոմունիստական կուսակցության անդամ: 1972թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է 1998թ. հունիսի 26-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:












































