Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք պատգամավորական ընտրություններում կսատարի ՀՀԿ-ական Արման Սահակյանին: Ըստ «Հրապարակ»-ի` այսպիսով, մեկ անգամ ևս ապացուցվեց, որ ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիան միանգամայն կենսունակ և բնականոն քաղաքական միավորում է, և որ իշխանական երկու ուժերի միջև ջենթլմենական պայմանավորվածությունը գործում է: ՀՀԿ-ն օգնում է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին` զբաղեցնելու Վարդանիկի գահը, փոխարենը ԲՀԿ-ն պաշտպանում է ՀՀԿ-ական Արման Սահակյանին Սամվել Բալասանյանի ազատված մանդատին տիրանալու հարցում: Քաղաքապետ Բալասանյանի խոսնակ Զոհրապ Եգանյանը դեմ է նման եզրահանգմանը: Նա ասում է. «Մեծամասնական ընտրակարգով ընտրությունները, մանավանդ մարզերում, գլխավորապես անձերի ընտրություն են, և կուսակցական պատկանելության հարցն այստեղ այնքան էլ կարևոր չի»: Բայցևայնպես, վերջին զարգացումները Գյումրիում ապացուցում են, որ իրականում երկու իշխանական ուժերի միջև հակասություն չկա, և հենց որ իրական ընդդիմությունն է խաղի մեջ մտնում, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն անմիջապես այնպես են դիրքավորվում, որ իշխանության գնդակն իրարից ընդունեն, և արանքում անցանկալի մեկը չհայտնվի ու չտիրանա այդ գնդակին: Տվյալ դեպքում անցանկալին ՀԱԿ թեկնածու, Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանն է, որի դեմ արդեն գործի է դրվել վարչական ռեսուրսը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, գյուղապետերին հրահանգ է տրվել ամեն ինչ անել Կոնգրեսի թեկնածուի մարզային արշավները խոչընդոտելու համար: Սա, ըստ կոնգրեսական թեկնածուի, նույնիսկ ամրապնդել է նրա դիրքերը. «Գյումրիի երեք տեղական կառույցներից մեկը` թիվ 35 ընտրատարածքի կառույցը, ի դեմս Սամվել Բալասանյանի, հայտարարում է, որ իր հակակարկտային, շինարարական, ջրագծային, խողովակափոխության և այլ նմանատիպ ծրագրերի շարունակությունը տեսնում է Արման Սահակյանի կարողությունները, նրա աջակցությունը ստանալու մեջ: Ինձ դա չի մտահոգում, եթե, տիրապետելով իրավիճակին, չասեմ, որ հակառակը` դա քվեներ է ավելացնելու ինձ»: «Ճի՞շտ է, որ համայնքների ղեկավարներին մարզպետարանից արդեն հրահանգներ են տրվել ընտրությունների հետ կապված, որ դպրոցների տնօրեններին են գործի դրել» թերթի հարցին ՀԱԿ թեկնածուն պատասխանեց. «Բոլոր գյուղապետերը երկու օրը մեկ կանչվում են և հանձնարարականներ են ստանում իմ դեմ: Բայց 16 գյուղապետերն իմ ընկերներն են: Ես 20 տարի աշխատել եմ Ախուրյանի շրջանում և եթե ես գյուղեր եմ այցելում, ապա համայնքապետերն ինձ ընդունում են, իմ կողքը կանգնում են, ինձ ներկայացնում են, իրենց բարեմաղթանքն են տալիս, և դա խոսում է նրանց բարոյական նկարագրի մասին: Ինչ վերաբերում է դպրոցների տնօրեններին, ապա, այո, կոլեկտիվներին պարտադրում են ցուցակագրումներ, անձնագրերի համարների գրառում, ծնողական ժողովներ են հավաքում` հանձնարարականներ տալով, ինչը ևս խոսում է իշխանական ուժերի տագնապի մասին»:
Սամվել Բալասանյանը հեռուստատեսային ելույթ է ունեցել և գյումրեցիներին բացատրել է, թե ինչու է ինքը սատարելու ՀՀԿ-ական Արման Սահակյանին: Իհարկե, այս ելույթում ոչինչ չի ասվել իշխանությունն իրար «պաս» տալու ՀՀԿ-ԲՀԿ պայմանավորվածությունների մասին և քաղաքապետի որոշումը ներկայացվել է քաղաքի կոմունալ-տնտեսական շահերի տեսանկյունից: Բայց գյումրեցիների մոտ այն առանձնապես վստահություն չի առաջացրել, մանավանդ, որ քաղաքացիների ընդունելություն քաղաքապետը չի անում: Քաղաքապետարանին մոտ «Հրապարակ»-ի աղբյուրը պատմում է, որ վերջերս քաղաքացիները գալիս են շենք, բայց չեն կարողանում առաջվա պես իրենց հարցերով դիմել քաղաքապետին: Նրանք թքում են շենքի վրա կամ առաջին հարկի պատուհաններին և հեռանում: Հետո հավաքարարները մաքրում են նրանց հետևից` կիսաձայն անեծքներ տեղալով և´ քաղաքացիների, և´ քաղաքապետի հասցեին: Պատմում են նաև, որ ինչ Սամվել Բալասանյանը եկել է պաշտոնի, նա մոտ 150 մարդու է հեռացրել աշխատանքից, որ նա դադարեցրել է քաղաքային լողավազանի աշխատանքը: Նախկինում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող լողավազանի շենքի ջեռուցման համար Վարդան Ղուկասյանն իր գրպանից էր վճարում, իսկ Բալասանյանը դա չի անում և ստիպված է եղել ժամանակավորապես փակել գյումրեցի երիտասարդության սիրած զվարճավայրը:
Տեղեկությունները ճշտելու համար «Հրապարակ»-ը դիմեց Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանին: Նա ասաց, որ լողավազանի վերաբերյալ պարզաբանումներ կտա այսօր, իսկ ինչ վերաբերում է 150 աշխատանքից ազատվածներին, ապա սա առասպել է, իրականության հետ աղերս չունեցող: Ըստ Եգանյանի, քաղաքապետարա նում երեք նոր բաժիններ են ստեղծվելու, և աշխատատեղեր կավելանան, իսկ այս պահին աշխատանքից ազատված են 8 բաժնի պետեր` բոլորն իրենց դիմումների համաձայն: «Քաղաքապետարանի այս աշխատակիցները համայնքային աշխատողներ են, համապատասխան օրենքով պաշտպանված, և ո´չ քաղաքապետը, ո´չ էլ ավագանին չէին կարող նրանց իրենց կամքին հակառակ գործից ազատել»,- ասաց խոսնակը: «Իսկ քաղաքապետարանի ենթակայության այլ հիմնարկներում չե՞ն լինի աշխատանքից ազատումներ» հարցին նա պատասխանեց. «Որոշ հիմնարկներում ուսումնասիրություններ են արվում` նայելու, թե կարիք կա՞, ոնց են աշխատում: Բայց զանգվածային ազատումների մասին խոսք չի կարող լինել: Կարող եմ ասել, որ այս պահին քաղաքապետը բանակցություններ է վարում ներդրումներ բերելու և Գյումրիում նոր աշխատատեղեր բացելու ուղղությամբ»: Խոսնակը չժխտեց, որ քաղաքացիների ընդունելությունները ներկայումս դադարեցվել են` դա բացատրելով քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններով ու նրանով, որ որոշ բաժնի պետեր ժամանակավոր պաշտոնակատարներ են: Բայց նոյեմբերի 22-ին ավագանու նիստ կկայանա, որից հետո ընդունելությունները կվերսկսվեն նոր հաստատված գրաֆիկով:











































