ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը գնալով քաղաքացիներից ավելի ու ավելի շատ դիմում-բողոքներ է ստանում, ինչի պատճառով նախորդ զորակոչերին հենց զորակոչի սկզբից ևեթ ձևավորվող հանձնաժողովն այս անգամ ավելի շուտ է սկսել աշխատել: «Նախորդ զորակոչին ամենաբարձրն էր դիմում-բողոքների թիվը. նախորդ 6 տարիների համեմատ` 57 դիմում-բողոք: Այս անգամ արդեն 61 բողոք է ստացվել: Արդեն անցկացրել ենք 4 նիստեր»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
Հանձնաժողովը քննարկել է 50 դիմում-բողոք, ևս 8 դիմում-բողոք դեռ չի քննարկվել, 3-ի մասով էլ բողոքներն առկախված են, քանի որ քաղաքացիները հետամուտ չեն եղել իրենց դիմումներին, իսկ հանձնաժողովը, ըստ Գեղամ Հարությունյանի, քննարկում իրականացնում է միայն զինակոչիկի և նրա ծնողի մասնակցությամբ:
Բողոքների թվի աճը նախարարի խորհրդականը պայմանավորում է գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու մասին նախարարի շեշտադրումներով, որը որոշակի վստահություն է ներշնչել մարդկանց։
Դիմում-բողոքների գերակշիռ մասն էլ մշտապես առողջական խնդիրներին է վերաբերում։ «Հասկանալի է ծնողների մտահոգությունը, որ եթե որդին ունի առողջական խնդիրներ, ուրեմն ճիշտ որոշում կայացվի: Այսօր ձևակերպված խնդիրն այն է, որ որևէ հիվանդ զինվոր չգնա բանակ, և հակառակ կողմը ևս կա` որ առողջ զինվորն անպայման գնա բանակ»,- ասել է Գեղամ Հարությունյանը:
Նախարարին առընթեր հանձնաժողովը, կառույցի ղեկավարի խոսքերով, ունի որոշակի իրավասություններ, սակայն և հասարակական խորհուրդը և հանձնաժողովը կարող են ընդամենն ուսումնասիրել, ապահովել հասարակական գործառույթ: «Մեր միջնորդությունը և խորհուրդները հասարակական ձայն են»,- ասել է Գեղամ Հարությունյանը` հավելելով, որ իրենց կարծիքը պատշաճ վերաբերմունքի է արժանանում նախարարի կողմից, և երբեմն կարողանում են ազդել որոշումների վրա:
Պաշտպանության նախարարի խորհրդականը հավելել է նաև, որ դիմում-բողոքների հիմնավորվածությունը բավականին բարձր է, իսկ իրենք կարողանում են վերահսկել իրենց միջնորդությունների ընթացքը:
Տեղեկացնենք, որ հանձնաժողովի նիստերը գումարվում են յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին:










































