ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հերթական աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզում էր:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ստորաբաժանումների ծառայողների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է տարածաշրջանում ոստիկանության աշխատանքի առանցքային ուղղություններին՝ ընդգծելով մասնավորապես ապօրինի ձկնորսության դեմ պայքարի կարևորությունը Սևանի բնական պաշարների վերականգնման և ընդհանրապես մարզի ապագայի համար:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացնելով անտառի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները՝ կրկին շեշտել է, որ ոստիկանության գործողությունները ոչ թե գյուղացու, այլ գյուղացու անտառը ոչնչացնողների դեմ են:
Մարզի յուրահատուկ հիմնախնդիրներից է ապօրինի ոսկեխուզությունը, որի հաշվին հարստացողներն առանց վարանելու հանքախորշում խեղվելու կամ մահվան են ուղարկում այսպես կոչված «չղջիկներին»՝ տնայնագործ ոսկեխույզներին, հատկապես երիտասարդներին ու պատանիներին:
Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով մարզի ոստիկանների աշխատանքից, մասնավորապես անասնագողությունների դեմ պայքարի, իր բերքն իրացնելու և ունեցվածքը պաշտպանելու հարցում գյուղացուն աջակցելու առումով, Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրել է, որ ոստիկանության գլխավոր խնդիրը արդարության հաստատումն է:
Աշխատանքային հանդիպման ավարտին մի շարք ծառայողներ ոստիկանության պետի հրամանով արժանացել են խրախուսանքերի:
Մարզպետարան շտապելիս, հենց փողոցում ոստիկանության պետին կանգնեցրել են մի խումբ գավառցիներ, և խոսակցությունն անմիջական ու անկաշկանդ էր, քանի որ 90-ականներից ու մինչ օրս Վլադիմիր Գասպարյանը որպես յուրային ու համերկրացի է ընդնկալվում և ընդունվում Սևանի ավազանում:
Գեղարքունիքի մարզպետարանում Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է խոշոր համայնքների ներկայացուցիչների և մարզպետարանի աշխատակազմի հետ:
Ներկայացնելով ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, իրականացվող խնդիրները, նաև մտահոգությունները՝ ոստիկանության պետը շեշտել է ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման առաջնահերթությունը:
Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին կոչ է արել համատեղ պայքարել մտահոգիչ ու վտանգավոր երևույթների՝ Սևանի ձկնապաշարների և անտառների ոչնչացման, ոսկու ապօրինի արդյունահանման դեմ:
Սուրբ Կարապետ եկեղեցում մոմ վառելուց հետո Վլադիմիր Գասպարյանն այցելել է նաև Գավառի մանկատուն, ծանոթացել պայմաններին, եղել գրադարանում, դահլիճում, ճաշարանում, զրուցել երեխաների հետ, ծանոթացել նրանց աշխատանքներին, խոստացել օգնել մանկատունը տրանսպորտով ապահովելու և այլ ծրագրերի իրականացմանը:
Վլադիմիր Գասպարյանը Նոր կտակարաններ ու հեռուստացույց է նվիրել երեխաներին:









































