Երկուշաբթի Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազա քաղաքի խիտ բնակեցված շրջանում ռմբակոծել են երկու բնակելի տուն, ինչի հետևանքով զոհվել են մեկ տղամարդ, երկու կին և մեկ երեխա, վիրավորվել է շուրջ 40 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով վիրավորներից մեկի հարազատին:
Երկուշաբթի համանման դեպք է տեղի ունեցել Գազայի նույն շրջանում, որտեղ ռմբակոծման են ենթարկվել երկու ընտանիքների տներ, ինչի հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել՝ ավելի քան 40 մարդ:
Իսրայելի զինվորականները հաղորդել են, որ երկուշաբթի Գազայի հատվածում իսայելական օդուժը և նավատորմը հարձակում է գործել ավելի քան 80 թիրախների վրա, որոնց թվում են ՀԱՄԱՍ շարժման վերահսկողության տակ գտնվող ոստիկանական տեղամասեր, գրոհայինների շտաբներ, զինապահեստներ և այլն: Պաղեստինցի գրոհայիններն Իսրայելի ուղղությամբ բաց են թողել առնվազն երկու հրթիռ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից Իսրայելը ռազմական գործողություն է ծավալել Գազայի հատվածում: Այս ընթացքում պաղեստինցիները տվել են ավելի քան 88, իսկ իսրայելցիները՝ 3 զոհ:








































