Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Գազայի հատվածի շուրջ ծավալվող վերջին զարգացումները:
Հեռախոսազրույցի ժամանակ Ահմադինեժադը հայտարարել է, որ անհրաժեշտ է գալ ընդհանուր կոնսենսուսի՝ իսրայելական հարձակմանը վերջ դնելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել Մուրսիին՝ տվյալ ուղղությամբ ջանքեր գործադրելու համար:
Ըստ Ահմադինեժադի՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ է մշակել հատուկ կառուցողական պլան՝ մի շարք երկրների ներկայացուցիչների հետ խորհրդակցելու հիման վրա: Մուրսին իր հերթին Ահմադինեժադին իրազեկել է Գազայի հատվածում ռազմական գործողություններին վերջ դնելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և աշխարհի մի շարք երկրների առաջնորդների հետ վարած բանակցությունների մասին:











































