«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը
-Սեդա, տեղյակ եք արդյո՞ք, որ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անվան դասարան է բացվել Մոնթե Մելքոյանի անվան դպրոցում:
-Այո, տեղյակ եմ: Դեռ 2007-ին, երբ Մոնթեի 50-ամյակին այդ դպրոցը որոշեցին անվանակոչել Մոնթեի անունով, ես դեմ էի, քանի որ Մոնթեի անունով այլ դպրոցներ կային, և, վերջիվերջո, կարՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը: Բնականաբար, ես Մոնթեին շատ-շատ սիրում եմ, բայց նույն հերոսի անունով մի քանի դպրոց ունենալը ավելորդություն է: Մինչև այդ Մոնթեի անունով կային և՛ դպրոցներ, և՛ դասարաններ: Այդ դպրոցից առաջ դեռևս 1994-ին դիմել էին դպրոցի անվանակոչման համար: Այսինքն՝ սա հին որոշում չէր, ես ասում էի մեկ հատ թող լինի, որ նաև մյուս ազատամարտիկների անունով էլ լինի: Համենայն դեպս, ես այդպես եմ մտածում, քանի որ Մոնթեն ինքն այդպես կմտածեր:
-Մոնթեի անունը կրող դպրոցում օլիգարխի դասասենյակ ունենալը վիրավորո՞ւմ է Ձեզ:
-Հենց արդեն օլիգարխ անունը համենայն դեպս դրական բան չի հուշում և համատեղելի չէ: Օրինակ՝ այնտեղ դասարան կա Լեոնիդ Ալզգալդյանի անունով, ինչը հրաշալի է, և ես կուզեի, որ բոլոր հերոսների անուններով լինեին և՛ դպրոցներ, և՛ դասարաններ, բայց մարդիկ, ովքեր օրինակ պետք է ծառայեն մեր երեխաների և աշակերտների համար, բայց արդյոք եթե անգամ օլիգարխ չլիներ, լիներ մի վատ մարդ, որ գումարներ ունի և ինչ-որ բաներ այստեղ-այնտեղ վատնել է, բայց նա դեռ պետք է վաստակի այդ իրավունքը, որ իր անունով դասարան կոչեն, և ամենակարևորն՝ այդ մարդը ամեն ինչով պետք է օրինակ ծառայի երիտասարդների համար, ամենակարևորը՝ աշակերտների համար, եթե հարցը դպրոցին է վերաբերում: Մեր ծնողները կուզեի՞ն այդ օլիգարխի օրինակը վերցնեն իրենց երեխաները, սա ամենակարևոր հարցն է, որ պետք է տալ այդ դպրոց հաճախող երեխաների ծնողներին: Ես որքան հետևում եմ հրապարկումներին, տեսնում եմ, որ դա ընդունելի չէ ժողովրդի համար, իսկ ամենակարևորը, այս հարցերում պետք է, որ այդ դպրոցի երեխաները և իրենց ծնողները խոսք ունենան, նրանց ուզածը պետք է լինի, ինչ-որ մեկը չի գալու ասի՝ գիտես ես այսքան գումար եմ տվել, և ուրեմն իմ անունով դասարան բացեք, ես նման բաները չեմ ընդունում: Իսկական բարեգործը չի պահանջի, որ իր անունով դասարան բացվի:
-Իսկ ընդհանրապես ի՞նչ եք կարծում, մենք մեր հերոսներին արժանի գնահատական տվել ենք:
-Իմ կարծիքով՝ բոլոր հերոսներին, ոչ թե միայն Մոնթեին, այլ բոլոր հերոսներին ամենամեծ արժեքը տված կլինեինք, եթե նրանց ուսուցանած բաներից եթե ոչ բոլորը, այլ գոնե մի մասը մեր առօրյա կյանքում իրականացնեինք: Ընդհանուր առմամբ դժբախտաբար Հայաստանն այդ ուղղությամբ այսօր չի գնում:
–Ի՞նչ ուղղությամբ է գնում:
–Կարծում եմ՝ այսօր առաջնահերթություններ են փոխվել, և այն, ինչ հեռուստատեսությամբ և մամուլով և ընդհանրապես Երևանի իրավիճակով կարող եմ ասել՝ այնպիսի արժեքներ են դրվում, որ իսկական հերոսների մի մասի մոտ ունեցած արժեքներին չի համապատասխանում, հենց նույնիսկ քաղաքային կուլտուրայի առումով: Օրինակ՝ Պրահայում և Թիֆլիսում մեր քթի տակ տեսնում ենք՝ ինչպես է քաղաքի պատմամշակութային տեսքը պահպանվում, մինչդեռ երեխաներին ինչ պետք է ուսուցանենք, եթե այսօր Աֆրիկյանների տան շենքն են քանդում, մինդեռ պետք է ուսուցանեինք: Փաստորեն, մենք փլեցինք մեր քաղաքը: Պրահայում մի ամբողջ հին թաղամաս կա, որ ամբողջ հին քաղաքն է՝ սալապատ ճանապարհներով, ինչպես մեր Աբովյան փողոցն էր նախկինում, մեկը մյուսի հետևից, հիմա էլ Աֆրիկյանների տունն է, թեկուզ Հյուսիսային պողոտան, ես ոտք դրեցի Երևան և առաջին օրվանից ոտք չեմ դրել այդ թաղամաս և հուսով եմ չեմ էլ դնելու, քանի որ վատ հուշեր է առաջացնում, բացի այդ, քաղաքում կամարներ կային, մուտքեր կային, դրանք վերացան, փոխանակ վերանորոգվեին, ամբողջովին քանդվեցին: Բացի այդ, մարդիկ անտուն մնացին, մարդիկ մահացան իրենց կսկիծից: Իսկ այդ հսկայական շենք կառուցողները մի հատ նեղություն չքաշեցին, որ եթե նույնիսկ կառուցում են, այդ մարդկանց այդտեղ պետք է բնակեցնեին, իրենց մեծացած թաղամասն է, չի կարելի մարդուն մեկ օրում պոկել և նետել Երևանի չգիտեմ որ անկյունը:
Փոխվում է արժեքային համակարգը, և եթե չես օգնում երիտասարդին, աշակերտին, որ իրենք իմանան այդ արժեքները, մեծերը պետք է ուղղություն տան, և իմ կարծիքով՝ այս առումով ոչ թե պակասում է, այլ հակառակն է կատարվում: Հսկայական տներ, սովետական ժամանակ մի չարչարված բան կար՝ մատերիալիզմ, բայց իրականության մեջ դա գոյություն ունեցող բան է, և դա էլ կատարվում է:
-Մոնթեի երազած Հայաստանը սա չէր:
-Ոչ Մոնթեի երազած Հայաստանը սա չէ, հաստատ: Մոնթեն ամեն մի թիզ կանաչապատ տարածքի համար պիտի ցավեր, ամեն մի վտանգված անասունի համար պիտի ցավեր, ամենափոքր բաներից մինչև ամենամեծ բաները պիտի ցավեր …
-Երիտասարդները այսօր Աֆրիկյանների շենքի համար պայքար են մղում, ունի՞ երիտասարդությունը իրավիճակը փոխելու ներուժ:
-Անշուշտ ունեն, և միայն նրանց ուժով եթե որևէ բան փոխվի, միայն նրանց քաղաքացիական իրավունքների գիտակցությամբ և միայն իրենց պահանջով, որովհետև մենք բոլորս իրավունքներ ունենք հայրենիքի համար և օլիգարխներին դնենք մի կողմ, ամեն մի պատգամավոր այնտեղ է, որ ծառայի մեզ, ոչ թե մենք իրենց, նախագահից սկսած՝ բոլորն այնտեղ պետք է լինեին մեզ ծառայելու գիտակցությամբ, մեր հայրենիքը պահելու գիտակցությամբ…











































