ԳԱԼԱ-ի ունեցած տեղեկություններով` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սատարելու է թիվ 35 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Արման Սահակյանին: Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ` այս մասին Գյումրու քաղաքապետը պաշտոնապես կհայտարարի այսօր կամ վաղը:
Գյումրու թիվ 35 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն են ՀՀԿ-ից Արման Սահակյանը և ՀԱԿ-ից Մուրադ Գրիգորյանը:
Հետաքրքրական էր, որ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ով քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է՝ լինելով ՀՀԿ-ԲՀԿ միասնական թեկանածուն, ու՞մ էր ի վերջո սատարելու`ՀՀԿ-ական Արման Սահակյանին, թե ՀԱԿ անդամին`հատկապես ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների ներկա փուլում:
Նախընտրական քարոզչության առաջին օրը ՀԱԿ Գյումրու գրասենյակում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ՀԱԿ թեկնածուն`Մուրադ Գրիգորյանը, հայտարարում էր, որ թեև քաղաքական որոշում չկա, բայց բոլոր ընդդիմադիր ուժերը Գյումրիում իրեն են սատարելու: Իսկ նախօրեին Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ` Ազատանում նախընտրական քարոզչության մասնակցելուց հետո, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ և ՀՀՇ վարչության նախագան Արամ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ ԲՀԿ-ն սատարելու է ՀԱԿ թեկնածուին:
Հիմա պարզվում է, որ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը սատարելու է ոչ թե ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանին, այլ ՀՀԿ-ական Արման Սահակյանին: Այս երևույթը հետաքրքիր է նաև նրանով, որ Սամվել Բալասանյանը մի քանի օր առաջ է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ վերջինիս Գյումրի կատարած այցելության ժամանակ:









































