Եգիպտոսի միջնորդությամբ Կահիրեում անցկացված բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի կնքման մասին «լուրջ փուլ» են մտել: Այս մասին «Մաան» գործակալությանը հաղորդել է ՖԱԹՀ-ի Կենտրոնական կոմիտեի՝ միջազգային հարցերով անդամ Նաբիլ Շաաթը:
Երեկ նա Կահիրեում հանդիպում է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալի հետ, որն էլ համապատասխան կարծիք է հայտնել: «Մաշալի խոսքով՝ կրակի դադարեցման մասին բանակցությունները ծայրաստիճան կարևոր փուլում են»,- ասել է Շաաթը: Միևնույն ժամանակ, Մաշալը բացառել է մոտ ժամանակներս հրադադարի հասնելու հնարավորությունը Իսրայելի առաջադրած պայամանների և պաղեստինյան խմբակցությունների պահանջների կատարումից հրաժարվելու պատճառով:
Գազան վերահսկող ՀԱՄԱՍ-ցիներն այլ խմբավորումների հետ պահանջում են վերացնել անկլավի շրջափակումը, դադարեցնել իսրայելական բանակի ներխուժմանը, անկլավի ներսում ստեղծել անվտանգության գոտիներ, վերջ դնել դիմակայության առաջնորդների ոչնչացման պրակտիկային, ինչպես նաև պաղեստինցի ձկնորսների վրա հարձակումներին՝ տեղեկացրել է ՖԱԹՀ-ի ԿԿ-ի անդամը:
Իսրայելցիներն իրենց հերթին ցանկանում են 15 տարի և ավելի ժամկետով հրադադար, պահանջում են Գազայի հատված զենքի մատակարարումների դադարեցումը: Եթե այդ պայմանները 2-3 օրում չկատարվեն, Իսրայելի ղեկավարությունը սպառնացել է «Գազայի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսել ցամաքով, օդից և ծովից» այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի ռեժիմը վերջնականապես չի տապալվել: Աղբյուրի փոխանցամբ՝ այդ տեղեկությունը հաստատել են բանակցային գործընթացին մոտ կանգած մի շարք միջնորդներ:
Շաաթի խոսքով՝ Իսրայելը հայտարարել է որոշ զիջումների գնալու պատրաստակամության և մի շարք պահանջներ վերանայելու մասին, որոնք վերաբերում են հրթիռակոծումների լրիվ դադարեցմանը:
Ինչպես նշել է ՖԱԹՀ-ի ԿԿ-ի անդամը, ՀԱՄԱՍ-ցիների առաջնորդը հստակ հասկացնել է տվել, որ իսլամական շարժումը պատրաստ է Եգիպտոսի միջնորդությամբ ներպաղեստինյան երկխոսություն սկսել՝ իսրայելական ագրեսիայի դադարեցումից հետո:
Պաղեստինյան կողմի տվյալներով՝ անցած չորեքշաբթիից Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական օպերացիայի հետևանքով արդեն 77 պաղեստինցի է զոհվել, այդ թվում 21-ը՝ երեխաներ, շուրջ 700-ը վիրավորվել են:








































