Սիրիական բանակի հրամանատարությունը Դամասկոսի մոտ ուժեղացրել է անցակետերն ու անվտանգության միջոցառումներն այն բանից հետո, երբ հաղորդագրություն է ստացվել այն մասին, թե մայրաքաղաքին են մոտենում զինված ընդդիմության նոր շարքեր: Կատաղի մարտեր են ընթանում քաղաքի հարավային ծայրամասերում, մասնավորապես՝ Հաջր-Ալ-Ասվադում և պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարում: Օպերացիաներին մասնակցում են սիրիական ռազմաօդային ուժերը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ինչպես փոխանցում է «Սուրիա Ալ-Էն» գործակալությունը, տասնյակ գրոհայիններ կիրակի ոչնչացվել են Դամասկոսից հարավ ընկած Դարաա և Իլդա քաղաքներում: Բանակային ստորաբաժանումները ապստամբների խմբավորումներին հետապնդում են Արևելյան Գուտա տարածաշրջանում, ինչպես նաև Սակբա, Էրբին, Դումա և Հարաստա քաղաքներում: Այնտեղից ստացվում են մեծ թվով «վարձկանների և ահաբեկիչների» ոչնչացման մասին հաղորդագրոթյուններ: Հակառակորդի դիրքերին հարվածներ է հասցնում հրետանին:
Հալեպում կառավարական ուժերը հարձակումը զարգացնում են հյուսիսային ուղղությամբ՝ ձգտելով կտրել թուրքական սահմանի կողմից ապստամբների մատակարարումների ուղիները:
Հարվածներ են հասցվելՍիրիայի ազատ բանակի բազաներին Ատարիբ, Հանդարատ, Դարատ-Իզզա, Դեյր-Հաֆիր, Մասլամիա և Բանի Զեյդ բնակավայրերում: Հոմսում, ինչպես հաղորդում է «Ալ-Վատան» լրատվական ծառայությունը, մեկ օրում քաղաքի հնագույն հատվածում 117 գրոհային է ոչնչացվել: Նրանց շարքում են վարձկաններ Սաուդյան Արաբիայից, Թունիսից և Լիբիայից:









































