Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ 22-ամյա Հարություն Առաքելյանը վարելով «Հոնդա» մակնիշի 78 DA 888 համարանիշի ավտոմեքենան, Կապան քաղաքի գործարանային փողոցում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել հանդիպակաց երթևեկելի գոտու հարակից ծառին, որից հետո գլորվելով ընկել Ողջի գետը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Հ. Առաքելյանը՝ պարանոցի և կրծքավանդակի սալջարդ և ուղևոր՝ Կապանի բնակիչ 20-ամյա Մելնիե Ոսկանյանը, աջ սրունքի և ոտնաթաթի սալջարդ ախտորոշմամբ:
Վթարի վայրում աշխատել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Վերջինիս կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունք:










































