Արևելաինդոնեզիական Ռոկատենդա հրաբխից մոխրի արտանետումների պատճառով հրաբխի ստորոտում բնակվող գրեթե 200 մարդ ստիպված են եղել փախչել մոտակա Մաումեր քաղաք: Այս մասին հաղորդում է Jakarta Post թերթը:
Ինչպես հայտարարել են Տարերային աղետների չեզոքացման վարչությունում՝ հրաբխից մոխրի արտանետումների հետևանքով առնվազն վեց մարդ շնչառական ուղիների, մաշկի և աչքերի խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական վտանգների նվազեցման վարչությունում հայտարարել են 2-րդ աստիճանի վտանգի մասին և կոչ են արել գրեթե 6 հազար բնակիչների ժամանակավորապես թաքնվել այլ բնակավայրերում:
Պալուե կղզում գտնվող Ռոկատենդա հրաբուխը, որը հաճախ նաև անվանում են Պալուե, ունի 857 մ բարձրություն, սակայն նրա հիմքը գտնվում է ջրի տակ` գրեթե 3 կմ խորության վրա: Հրաբխի վերջին հզոր ժայթքումը եղել է 1982 թվականին և առաջացրել ուժեղ ցունամի:









































