Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի քաղաքների փողոցներում անցած օրերի ընթացքում սպանվել է ութ մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Ուրբաթ օրը Սան Պաուլու քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել մի կնոջ և նրա մեկ տարեկան երեխայի վրա, ինչի հետևանքով երեխան տեղում մահացել է, իսկ կինը` ծանր վիրավորվել: Եվս յոթ մարդ փողոցային հրաձգության զոհ է դարձել Սան Պաուլու նահանգի տարբեր քաղաքներում:
Բացի այդ, Սանտա Կատարինա նահանգի Ֆլորիանպոլիս քաղաքի փողոցներում ավազակներն այրել են երկու քաղաքային ավտոբուս: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այրվել է ավելի քան 20 ավտոբուս:
Սան Պաուլուի ոստիկանությունը հոկտեմբերի սկզբից գրանցել է սպանությունների ավելի քան 250 դեպք: Ոստիկանների տեղեկատվության համաձայն` փողոցային ավազակախմբերի հանցավոր ակտիվության կտրուկ աճի հետևում կանգնած է «Մայրաքաղաքի առաջին հրամանատարություն» անունը կրող հզոր խմբավորումներից մեկը: Այս ավազակախումբը ձևավորվել է ավելի քան 10 տարի առաջ Սան Պաուլուի ազատազրկման վայրերում: Խմբավորման կառավարումն իրականացվում է բանտերից:
Նշենք, որ այս տարի Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում 80 ոստիկան է զոհվել հանցավոր խմբավորումների դեմ պայքարում:










































