Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` 2012 թվականին Թուրքիայում բնական գազի պահանջարկն աճել է մինչև 48 միլիարդ խորանարդ մետրի: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 43 միլիարդ մետր: Այս մասին հայտարարել է Botaş պետական խողովակաշարային ընկերության փոխտնօրեն Մեհմեթ Քոնուքը:
Քոնուքի խոսքերով` կանխատեսվում է, որ մինչև 2020 թվականը Թուրքիայում բնական գազի պահանջարկը կաճի մինչև 70 միլիարդ խորանարդ մետրի, ինչը նշանակում է, որ Թուրքիան պետք է դիվերսիֆիկացնի գազի ներկրումը.
«Ներկայում Թուրքիան գազ է ներկրում Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Նիգերիայից և Ալժիրից` ընդհանուր առմամբ 51 միլիարդ խորանարդ մետր: Սակայն Թուրքիան պետք է հաշվի առնի, որ իր գազի կարիքները հասնելու են մինչև 70 միլիարդ խորանարդ մետրի և պետք է ընդլայնի մատակարարման աղբյուրները: Գազի պահանջարկի աճի հետ մեկտեղ Թուրքիան մտադիր է կրճատել էլեկտրաէներգիայի արտադրման նպատակով գազի օգտագործումը»:
Թուրքիան տարածաշրջանում գազի խոշորագույն ներկրողն է: Botaş-ի տվյալներով` 2011 թվականին Թուրքիան ներկրել է 39.7 միլիարդ խորանարդ մետր գազ:










































