«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ փոփոխված օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ կուտակային կենսաթոշակի մասնակիցներն իրավունք ունեն դիմում ներկայացնելու գործատուներին աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին, սակայն դպրոցների տնօրենները կա՛մ հրաժարվում են ընդունել դիմումները՝ պատճառաբանելով, թե համապատասխան հրահանգ չունեն, կա՛մ ընդունում են դրանք ու ընթացք չեն տալիս:
Օրինակ՝ Աջափնյակ համայնքում բոլոր մանկապարտեզների և դպրոցների տնօրեններին թաղապետարանից շրջաբերականի տեսքով հրահանգվել է կատարել կուտակայինի պահումները: Իսկ աշխատակիցներին, ովքեր ուզում են դիմում ներկայացնել աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու համար, «վերևներից» են սպառնում հեռացնել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին ահազանգեցին կրթական հաստատությունների աշխատակիցները, որոնց տնօրենները սպառնացել են հեռացնել այդ մասին բարձրաձայնելու դեպքում:
«Առաջին լրատվական»-ը շրջեց Աջափնյակ համայնքի մանկապարտեզներում, հիմնական դպրոցներում: Լսելով կուտակայինի թեման՝ հաստատությունների տնօրեններն ասում էին. «Այդ թեմայով՝ միայն քաղաքապետարանի հետ, մեզ ինչ ասում են՝ այդ ենք անում»:
Մանկապարտեզներում և դպրոցներում նշեցին, որ առանց քաղաքապետարանի թույլտվության մենք չենք կարող նկարահանումներ կատարել, բայց սկզբում նկարահանումներին դեմ չէին. ակնհայտ էր, որ «պարտադիր, բայց իբր ոչ պարտադրված կուտակայինի» թեման կրթական հաստատություններում արգելվում է շրջանառել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































