Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները ժամանակի հետ ավելի նկատելի կլինեն, հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մարսի Կապտուրը:
«Ժամանակի հետ պատժամիջոցներն իրենց զգալ կտան: Դա վերաբերում է ոչ միայն ամերիկյան, այլ նաև ուրիշ երկրների պատժամիջոցներին»,- նշել է քաղաքական գործիչը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Ռուսական տնտեսության վրա բացասական ազդեցությունից բացի՝ պատժամիջոցները կազդեն նաև տեղի օլիգարխների վրա: Երկար ժամանակ Ռուսաստանում ավելի քան 150 մարդ վերահսկել է գումարների մեկ երրորդը»,- նշել է Կապտուրը:
Նրա խոսքով՝ եթե պատժամիջոցները նպատակաուղղված կիրառվեն գործարարների մյուս խմբերի դեմ, ապա շուտով ռուսները կգիտակցեն, որ Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը կարող է վնասակար լինել ոչ միայն հարևանների, այլև հենց Ռուսաստանի համար:
Կոնգրեսականը նշել է, որ որոշ երկրների կողմից ավելի խիստ արձագանք է կանխատեսել, սակայն նրանց «զգուշությունը պայմանավորված է ռուսական գազից կախվածությամբ»:







































