Կիևում Մայդանի մասնակիցները գործող խորհրդարանից և Ուկրաինայի նոր նախագահից պահանջում են Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ անցկացնել: Այս պահանջը հնչեցրել են Մայդանի խորհրդի անդամները, հաղորդում է UNIAN գործակալությունը:
Կիրակի օրը Մայդանում հավաք է տեղի ունեցել, որի ակտիվիստները ավելի վաղ հույս են հայտնել, որ այնտեղ ներկա կլինի նաև Ուկրաինայի նորընտիր նախագահը, սակայն Պյոտոր Պորոշենկոն Մայդան չի ժամանել: Շաբաթ օրը տեղի ունեցած երդման արարողության ժամանակ Պորոշենկոն հայտարարել է, որ կողմ է Ռադայի արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Մայդանում հավաքվածները պահանջել են կուսակցություններից ավելի թափանցիկ ֆինանսական գործունեություն ծավալել, բոլոր մարզերում պատշաճ անվտանգություն ապահովել, որպեսզի ընտրողները կարողանան իրենց դիրքորոշումը հայտնել, թե ով պետք է լինի Գերագույն ռադայում:
Մայդանում հավաքվածները դիմել են երկրի ղեկավարությանը Պպետական սահմանների ծառայությունը բարեփոխելու պահանջով և կոչ են արել ուշադրություն դարձնել արևելյան սահմանին տիրող իրավիճակին:
Մայդանը պահանջել է նաև ստուգել Պետական սահմանների ծառայության նախագահ Նիկոլայ Լիտվինի և նրա ենթակաների գործունեությունը և խախտումներ արձանագրելու դեպքում նրանց քրեական պատասխանատվության ենթարկել:
Դրանից բացի, ակտիվիստները հանդես են եկել Պետական սահմանների ծառայությունը ներքին գործերի նախարարության կազմից դուրս գալու և անմիջապես Ուկրաինայի նախագահի ենթակայության տակ դնելու նախաձեռնությամբ:








































