Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, թուրքական ընդդիմության առաջնորդ, Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քլչդարօղլուն Անկարայի օդանավակայանից Ստամբուլ մեկնելիս հերթական անգամ սուր քննադատության է ենթարկել վարչապետ Էրդողանին.
«Էրդողանը համառորեն պնդում է, որ միջուկային էներգիայից օգտվելն անվտանգ է և հաշվի չի առնում տվյալ խնդրի շուրջ հասարակական կարծիքը: Փաստորեն, Էրդողանը դատախազ դառնալուց հետո դարձել է նաև միջուկային մասնագետ:
Տեսե՛ք, ճապոնական աղետից հետո չինական ատոմակայանը դադարեցրել է իր բոլոր աշխատանքները: Հետևաբար մենք պետք է առողջ դատենք այդ հարցում: Անհրաժեշտ է, որ մենք դասեր քաղենք Ճապոնիայում տեղի ունեցած աղետից և շատ զգույշ գործենք:
Ընդհանուր առմամբ մենք դեմ չենք ատոմակայանի կառուցմանը, սակայն մենք դեռ չգիտենք, թե իշխող կուսակցությունը, ինչպիսի նկատառումներից ելնելով է դրա կառուցման իրավունքը հանձնել Ռուսաստան: Մենք նաև տեղյակ չենք, թե ինչպիսի ատոմակայան է կառուցվելու Թուրքիայում, ինչպիսին կլինի նրա անվտանգությունը: Անհրաժեշտ է, որ այդ ամենը քննարկեն ակադեմիկոսները, բնապահպաններն ու միջուկային փորձագետները»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում միջուկային էներգիայի թեման օրակարգ մտավ 1956 թվականին, երբ ստեղծվեց Ատոմային էներգիայի թուրքական խորհուրդը (ԱԷԹԽ): Ատոմակայանի կառուցման առաջին փորձերը սկսվել են դեռևս 1960-ականների սկզբին:
Ինչ վերաբերում է Քլչդարօղլուի կողմից Էրդողանին «դատախազ» որակելուն, ապա դա, թերևս, պայմանավորված է թուրք լրագրողների, ինչպես նաև զինվորականների ձերբակալությունների հանդեպ Էրդողանի դիրքորոշմամբ, ըստ որի` լրագրողները չեն ձերբակալվել իրենց մասնագիտական գործունեության (կառավարության քննադատության) համար:









































