Սիրիայի նախագահական ընտրությունների արդյունքները «հնարավոր չէ անտեսել, ու նրանք, ովքեր ձգտում են քաղաքական կարգավորման, անխուսափելիրոն պետք է ճանաչեն դրանց արդյունքները»: Այս մասին, ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, հեռուստատեսությամբ հայտարարել է շիական «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ շեյխ Հասան Նասրուլլան:
«Իր զանգվածային մասնակցությամբ քվեարկությանը սիրիացի ժողովուրդը ցույց տվեց, որ ցանկացած բանակցություն ճգնաժամից դուրս գալու մասին, չեն կարող գնալ այլ կերպ, քան նախագահ Բաշար Ասադի՝ օրինական ղեկավարի հետ, որը հաղթանակ է տարել ընտրություններում»,- ընդգծել է Նասրուլլան:
«Ինչ-որ մեկն անվանել է Ասադի հաջողությունը անիմաստ ու զրոյին հավասար»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի ռեակցիան, որը նա արտահայտել էր Բեյրութում:
Շիա քաղաքական գործիչը խորհուրդ է տվել Սիրիայի զինված ընդդիմությանը դադարեցնել արյունահեղությունը ու երկխոսություն սկսել:
«Պատերազմի շարունակությունն անհեռանկար է ու քանդում է երկիրը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հաշտության ու ազգային համաձայնության»,- ասել է նա:









































