Պենտագոնն անհանգստություն է հայտնել Չինաստանի արագ աճող ռազմական հզորության կապակցությամբ, գրում է The Wall Street Journal-ը: ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Կոնգրեսի համար ամենամյա զեկույցում ասվում է, որ Չինաստանի աճող ռազմական ծախսերը կարող են Պեկինին հնարավորություն տալ ընդլայնելու իր ազդեցության գոտին և մրցել ԱՄՆ-ի հետ համաշխարհային հարթակում:
Փաստաթղթի հեղինակները նաև նշում են, որ Վաշինգտոնի ռազմական ծախսերը նվազում են, մինչդեռ Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ծախսում քիչ տեսանելի կործանիչների, կիբերզենքի և անօդաչուների մշակման համար, նաև ռազմածովային նավատորմի զարգացման ուղղությամբ:
Պենտագոնի գնահատմամբ՝ 2013 թվականին Չինաստանի իշխանություններն ավելի քան 145 մլրդ դոլար են հատկացրել ռազմական ծրագրերի համար:
ԱՄՆ-ի ռազմական ծախսերը նույն տարում կազմել են մոտ 580 մլրդ դոլար: Չնայած ռազմական ծասխերի կրճատմանը՝ Վաշինգտոնը նախկինի պես տվյալ ոլորտում ավելի շատ է ծախսում, քան ցանկացած այլ երկիր, այդ թվում՝ Չինաստանը, ասվում է հոդվածում:







































