Բաքվի խոշոր սուպերմարկետների ցանցերը դադարեցրել են համագործակցությունը Coca-Cola ընկերության հետ և հրաժարվել են վաճառել նրա արտադրանքը: Այս մասին հաղորդում է haqqin.az գործակալությունը՝ վկայակոչելով տեղի «Բիզիմ յոլ» թերթը:
Պատճառն այն է, որ Ադրբեջանում ընկերության ներկայացուցչությունը թողարկել է ըմպելիքի խոշոր խմբաքանակ, որոնց տարաների վրա հեղափոխական երիտասարդական NiDA կազմակերպության տարբերանշանն է:
Այս պահին, թերթի տվյալներով, ընկերությունն ակտիվ բանակցություններ է վարում արտադրանքն ադրբեջանական շուկա վերադարձնելու համար: Այդ նպատակով գլխավոր գրասենյակից երկիր են ժամանել մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Թերթը հիշեցնում է, որ ակցիան հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Coca-Cola-ն թույլտատրել էր ցանկացողներին պատվիրել սեփական տարբերանշանով որոշակի խմբաքանակով ըմպելիք:
Պատվիրված շշերի հստակ թիվը և դրա վրա ծախսված գումարի չափը հայտնի չէ, սակայն ընդդիմադիր ԶԼՄ-ները հավատացնում են, որ NiDA-ի տարբերանշանով հազարավոր կոլայի շշեր արդեն վաճառվում են ամբողջ Ադրբեջանում:
Ընկերության ներկայացուցիչները հերքում են, որ իրենք նմանատիպ շշերով ըմպելիք են արտադրել, իսկ սոցցանցերում տեղադրված լուսանկարները համարում են կեղծ:










































