«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի միջազգայնագետ, լրագրող, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի սյունակագիր Արկադի Դուբնովը:
-Պարոն Դուբնով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս անդրադարձավ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջադրած պայմաններին՝ ասելով, որ ի սկզբանե սխալ էր սահմանների մասին խոսելը, ԼՂ հակամարտությունը ՄՄ-ում չի լուծվում, և ՀՀ-ն ՄՄ-ին Ղարաբաղով չի պատրաստվում միանալ: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը պատրաստվում է համաձայնել առաջադրվող պայմաններին, այդ թվում՝ ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև մաքսակետի տեղակայմանը: Դուք ՞ինչ տպավորություն ստացաք այս անդրադարձից, ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում:
-Ես ևս կցանկանայի հասկանալ՝ կպատասխանի՞ արդյոք Սարգսյանը Աստանայում իրեն առաջադրված պայմաններին, թե՞ ոչ: Ի վերջո, ի՞նչն է այստեղ կարևոր. այն, որ Սարգսյանը պատասխանեց այդ պայմաններին ոչ թե Աստանայում, երբ այդ մասին հրապարակային ասվեց, այլ վերադառնալով Երևան՝ Աստանայում տեղի ունեցածից մի քանի օր անց: Ի՞նչ է սա նշանակում: Այն, ինչ ինձ ասացիք, գուցե ասվել է ներքի՞ն սպառման համար, չէ՞ որ այդ մասին քչերն են լսել:
Աստանայում՝ այնտեղ, որտեղ ներկա էին այն երկրների առաջնորդները, որոնք պատրաստվում են անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, այնտեղ, որտեղ այդ միջոցառումը լուսաբանող ողջ լրատվադաշտն էր, նրա լռությունը, իմ կարծիքով, նշանակում էր համաձայնություն, նշանակում էր, որ Նազարբաևը առաջադրեց պայմաններ, որոնց հետ Հայաստանը ամեն դեպքում լուռ կերպով պատրաստ է համաձայնել: Այն, ինչ տեղի է ունենում քաղաքականության աշխարհում, հայտնի է դառնում շնորհիվ մեր եղբայր լրագրողների, ԶԼՄ-ների. եթե չի եղել հանրային տարածքում սպառիչ պատասխան, ապա մնում է Նազարբաևի ասածը, քանի որ Սարգսյանը դրան չպատասխանեց: Իրականում, ինձ թվում է, որ խնդիրն ավելի շատ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցության գործընթացից դուրս է:
Խնդիրն այլ կերպ է դրված՝ Երևանը ստիպված է գնալ այն պայմաններին, որոնք, այսպես թե այնպես, առաջադրում է Ռուսաստանը, քանի որ, ինչպես դա եղավ սեպտեմբերի 3-ին, երբ Սարգսյանը անակնկալ կերպով եկավ Մոսկվա, որպեսզի հայտարարի, որ Հայաստանը պատրաստ է միանալ ՄՄ-ին, ինչն արդեն սենսացիա էր, քանի որ դրանից մի քանի շաբաթ առաջ այդ մասին նույնիսկ որևէ խոսակցություն չկար, քանի որ բոլորի համար հասկանալի էր՝ Հայաստանին դժվար կլինի լինել ՄՄ-ում՝ չունենալով այդ միության հետ ընդհանուր սահման: Բոլորի համար էր հասկանալի, որ Հայաստանի հետ կատարվածը Մոսկվայի հստակ ազդանշանն էր Ուկրաինայում սպասվող Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Իսկ ուկրաինական ողբերգությունը տեղի ունեցավ արդեն հետո: Բայց այդ ժամանակ Մոսկվան որոշեց այդպես պատասխանել՝ Ուկրաինան գնում է ԱլԳ ճանապարհով, իսկ Հայաստանը՝ ոչ, քանի որ միանում է ՄՄ-ին:
Եվ նույնիսկ այսօր տպավորություն է ստեղծվում, որ Երևանի գործողությունները լիովին ինքնուրույն չեն, դրանք որոշակիանում են Հայաստանի համար տնտեսական ու էներգետիկ անվտանգության շատ ավելի կարևոր հանգամանքներով, որոնցով Հայաստանը 100%-անոց կախվածության մեջ է Ռուսաստանից:
-Հայաստանում կարծիքներ են շրջանառվում, որ Նազարբաևի պայմանները համաձայնեցված են Մոսկվայի հետ, այսինքն՝ Մոսկվան կտրուկ դեմ չէ նմանատիպ պայմաններին: Դուք ի՞նչ եք կարծում այս մասին:
-Ես համաձայն չեմ: Իմ կարծիքով, Նազարբաևը խաղում է լիովին ինքնուրույն դեր ԵՏՄ-ում: Նազարբաևը իրեն կարող է թույլ տալ քննադատել Մոսկվայի գործողությունները, Նազարբաևը կարող է հակաճառել եվրասիական պրոյեկտների ընդլայնման վերաբերյալ Մոսկվայի տեսակետին՝ առաջարկելով միացնել այդ միությանը Թուրքիային: Նազարբաևն իր խաղն է վարում, որը որոշակիանում է Ղազախստանի և իսլամական հանրության հարաբերություններով, Նազարբաևն իր հարաբերություններն ունի Ադրբեջանի հետ: Այստեղ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Դավադրության տեսությունները, որոնց համաձայն՝ Նազարբաևը, առանց Պուտինի հետ խորհրդակցելու, որևէ խոսք ասել, հակառակ միտք արտահայտել չի կարող, իրատեսական չեն:
-Ի վերջո, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի պատասխանը, Ձեր կարծիքով, Հայաստանը ե՞րբ և ի՞նչ կարգավիճակով կմիանա այդ պրոյեկտներին և կմիանա՞, թե՞ ոչ:
-Ես կարծում եմ, որ, այսպես թե այնպես, Երևանը ստիպված կլինի համաձայնեցնել այդ պայմանները: Ինչ-որ զիջում կգտնվի, որը Սարգսյանը կբացատրի Հայաստանի ներսում այնպես, ինչպես անդրադարձել է օրերս։ Մյուս կողմից՝ Նազարբաևը դա ներկայացնելու է որպես Սարգսյանի կողմից պայմանների իրագործում: Կլինի փոխընդունելի տարբերակ: Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ ետքայլ կատարել և հրաժարվել ՄՄ-ին միանալուց, ԵՏՄ-ից, թեև այդ միությունը դեռևս դատարկ մի կաղապար է, որն իրենից ներկայացնելու է քննարկումների, բանավեճերի մի հարթակ մակրոտնտեսական որոշումների կայացման համար:
-Պարոն Դուբնով, Սերժ Սարգսյանը նաև նշել էր, որ ՀՀ անդամակցությունն այդ պրոյեկտներին կնպաստի ԼՂ հակամարտության կարգավորմանը: Ինչպե՞ս:
-Դժվար է նման պնդման համար փաստարկներ գտնելը: Մյուս կողմից՝ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն է, ու ինքը լավ գիտի՝ ինչն է նպաստում կարգավորմանը: Գուցե նա գիտի ինչ-որ բան, որը մենք չգիտենք:









































