Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել երկրի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսին, այս մասին երեքշաբթի օրը հատուկ մամլո կոնֆերանսին հայտարարել է Եգիպտոսի Ընտրական գերագույն հանձնաժողովի նախագահ Անվար Ալ-Ասին, գրում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով՝ աս-Սիսիի օգտին քվերակել են 23,7 միլիոն ընտրողներ, որը կազմել է ընտրազանգվածի 96,3 %-ը:
Նրա հակառակորդը՝ սոցիալիստ-նասերիստ Համիդ Սաբահին ստացել է 750 հազար ձայն, որը կազմում է ընդհանուր ընտրողների 4,7 %-ը:
Ընտրություններին մասնակցել են ընտրողների 47%-ը: Երկրի Ընտրական գերագույն հանձնաժողովի տվյալներով քվեարկությանը կարող էին մասնակցել գրեթե 54 միլիոն քաղաքացիներ:
Ի սկզբանե, ընտրությունները պետք է երկու օր տևեին՝ մայիսի 26 և 27: Սակայն անցած երեքշաբթի՝ ընտրությունների երկրորդ օրը, ԸԳՀ-ն հանկարծակի մեկ օրով երկարացրեց ընտրաժամանակը: Դրա պատճառն ընտրողների մասնակցության ցածր մակարդակն էր:
Ընտրությունները, ինչպես և կանխատեսվում էր, վերածվել են 59-ամյա Աբդել Ֆաթահ աս-Սիսիին երկրի ղեկավարի լիազորություններ շնորհելու հանրաքվեի: Երկրի բնակչության մեծ մասը շնորհակալ է նախկին զինվորականին, նրա վճռական գործողությունների և անցած ամռանը բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ցուցարարներին աջակցելու համար:
Իր նախընտրական քարոզարշավում աս-Սիսին նշել է հաղթանակի դեպքում իր առաջնային քայլերի մասին, որոնք են՝ կենտրոնանալ երկրի տնտեսության և արդյունաբերության, պետական ապարատի, ինչպես նաև իր պետության վարկանիշի և ինքնավարության վերականգման վրա: Նրա խոսքերով՝ եգիպտացիները բարելավումները կզգան արդեն երկու տարվա ընթացքում:










































