Վերաքննիչ քրեական դատարանում դատավորներ Սերգեյ Չիչոյանը, Եվա Դարբինյանը և Գագիկ Ավետիսյանն այսօր շարունակեցին լսել «Հարսնաքարի» գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքների հիմնավորումները:
Հիշեցնենք, որ բոլոր ամբաստանյալները՝ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել են համահավասար պատիժների՝ 12 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:
Հաստատված է գնահատվել, որ բոլոր ամբաստանյալների կողմից հանցագործությունները կատարվել են մեկ միասնական դիտավորությամբ:
Պաշտպանական կողմը ջանում էր հասնել այն բանին, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրը դատապարտվի կոնկրետ արարքի համար:
Դրան էին միտված նաև ընդհանուր իրավասության դատարանում դատական քննության ավարտին երեք ամբաստանյալների տված խոստովանական ցուցմունքները: Սակայն դրանք, փաստորեն, որևէ դեր չխաղացին:
Բոլոր վեց ամբաստանյալները դատապարտվել են երեք հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 118 հոդվածով:
Ըստ մեղադրանքի՝ նրանք վեցն էլ, աշխատելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, միասնական դիտավորությամբ ծեծի են ենթարկել համալիրի հաճախորդներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին՝ Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել էր նրա մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Մեղադրողը բոլոր ամբաստանյալների համար միջնորդել էր 13 տարի ազատազրկում:
Այսօր վերաքննիչ դատարանում ներկա չէր տուժող կողմը՝ իր ներկայացուցիչներով:
Այսօր իրենց վերաքննիչ բողոքները հիմնավորեցին Նորայր Հայրապետյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանն ու Դավիթ Ադամյանի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը:
Երեմ Սարգսյանը նշեց, թե ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտն ու նշանակած պատիժները եզրափակեցին այս գործով կատարված բոլոր անօրինությունները:
Պաշտպանը վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն բանին, որ արարքների ու պատիժների մասնավորեցում չի կատարվել, բոլորը դատապարտվել են նույն պատժին, ինչպես որ բոլորին առաջադրվել էր բառացիորեն ու տառացիորեն նույնաբովանդակ մեղադրանք:
Պաշտպանը հիշատակեց վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, որոնցում պահանջվում է, որ խմբի կողմից կատարված հանցավոր արարքների դեպքում պետք է անհատականացված լինեն մեղադրանքները, ապա և՝ նշանակված պատիժները:
Երեմ Սարգսյանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանն այնքան անուշադիր է եղել, որ դատական ակտում արձանագրել է, թե Նորայր Հայրապետյանի խնամքին են թոշակառու ծնողներն ու մինչև 14 տարեկան մեկ անչափահաս երեխան, մինչդեռ առկա են փաստաթղթերը, որ Նորայր Հայրապետյանի խնամքին ոչ թե մեկ, այլ երկու անչափահաս երեխաներ կան:
Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի չի առել պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքներ:
«Ո՞նց որոշեց դատարանը, թե հենց 12 տարի ազատազրկումով է հնարավոր հասնել պատժի նպատակներին»,- տարակուսեց պաշտպանը:
Նա նշեց, թե դատարանը հաշվի չի առել, որ հանցավոր արարքները պայմանավորվել են տուժողների հակաբարոյական, հակաօրինական պահվածքով. նրանք ծաղրել են համալիրի մատուցողին, իրենց խոսքով՝ «կայֆավատ են եղել»:
Երեմ Սարգսյանը միջնորդեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, «որպեսզի անարդար դատական ակտը վերացվի, արդարադատության իրականացման պատրանք չստեղծվի»:
Պաշտպանի համոզմամբ՝ եթե դեպքը Հարսնաքարում եղած չլիներ, նման արձագանք էլ չէր լինի:
Երեմ Սարգսյանը միջնորդեց Նորայր Հայրապետյանին մեղավոր ճանաչել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ Վահե Ավետյանին մահվան ելքով ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար, և 118 հոդվածով՝ Գարիկ Սողոմոնյանին մեկ անգամ հարվածելու համար:
Ահա այս արարքների համար, ըստ պաշտպանի, Նորայր Հայրապետյանը պետք է մեղավոր ճանաչվեր, նրա նկատմամբ, պատժի անհատականացման սկզբունքը կիրառելով, պետք է նշանակվեր արդարացի նվազագույն պատիժ:
Պաշտպանը կողմ է նաև, որ դատավճիռը բեկանվի, գործն ուղարկվի ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության:
«Հարսնաքարի» մատուցող Դավիթ Ադամյանի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը վերլուծեց գործի փաստական հանգամանքները՝ շեշտը դնելով տուժողների վարքագիծը վերլուծելու վրա: Այդ վարքագիծն է, ըստ պաշտպանի, հրահրել հետագա առճակատումը տուժողների ու ամբաստանյալների միջև:
Ըստ Մարինե Թովմասյանի՝ ընդհանուր իրավասության դատարանն իր դատական ակտում ոչ մի ճիշտ որոշում չի կայացրել: Անգամ քաղաքացիական հայցը առանց քննության թողնելով՝ սխալ է թույլ տվել, քանի որ սխալ ներկայացված քաղհայցը պետք է մերժվեր:
Պաշտպանը միջնորդեց արդար դատական ակտ կայացնել, ապա պարզաբանեց, թե արդար դատական ակտ պահանջելն ու արդարացում պահանջելը պետք է տարբերակվեն, դրանք նույն բանը չեն:
Արդար դատական ակտ կայացնել՝ չի նշանակում նաև պարտադիր խիստ պատիժ նշանակել:
Ըստ պաշտպանի՝ այս գործով հանրությունը ստանձնել է «երդվյալ ատենակալների» դերը, մինչդեռ հանրությունը կարող է միայն դիտորդի դերում լինել, ոչ ավելի: Հանրային ճնշումները չպետք է ազդեցություն ունենան գործերի ճակատագրերի վրա:
«Սա պրակտիկա չէ, որ մենք ձևավորում ենք, հարգելի՛ դատարան»,- ասաց պաշտպանը:- «Բացի օրենքից՝ էս գործով ամեն բան կիրառվել է: Ոմանք կոնկրետացված ինչ-որ բան ունեին «Հարսնաքարի» տիրոջ դեմ, դա հասկացանք, լսեցինք, ըմբռնեցինք»:
Պաշտպանը նշեց, որ դատաքննության ավարտին երեք ամբաստանյալների տված խոստովանական ցուցմունքները որևէ կերպ չհերքվեցին, սակայն հաշվի էլ չառնվեցին որևէ կերպ:
«Եվ սա մենք կոչում ենք արդարադատությո՞ւն»,- հռետորական հարց հնչեցրեց պաշտպանը:
Պաշտպանի համոզմամբ՝ Դավիթ Ադամյանի մասով միայն արդարացման դատավճիռ պետք է կայացվեր՝ ըստ դատաքննության ընթացքում հետազոտված ու հիմնավորված ապացույցների: Դա էլ միջնորդում էր պաշտպանը:
Սակայն, ըստ պաշտպանի՝ եթե դատարանը գտնի, որ Վահե Ավետյանի դեմքին նրա հայհոյանքներից հետո Ադամյանի հասցրած մեկ հարվածը հանցակազմ է պարունակում, ապա դատական երկրորդ ատյանը թող իրավական ճիշտ որակում տա այդ արարքին ու պատժի անհատականացման սկզբունքը կիրառելով՝ նշանակի մեղմ պատիժ:
Ամբաստանյալ Դավիթ Ադամյանը միացավ իր պաշտպանին, ասաց, թե ինքը չի մասնակցել ռեստորանային համալիրի ավտոկայանատեղում ծավալված իրադարձություններին, այդ ժամանակ ինքը եղել է մատուցողների սենյակում:
«Ինչ արել եմ, խնդրում եմ՝ դրա համար ինձ դատեք»,- խոսքը եզրափակեց ամբաստանյալը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 6-ին:
Իր վերաքննիչ բողոքը կներկայացնի ամբաստանյալ Արման Խաչատրյանը: Մեղադրանքի և տուժող կողմերը հանդես կգան առարկություններով:








































