«Ղարաբաղը առանձին հանրապետություն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Ս.Սարգսյանն անցած շաբաթ Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հետ հանդիպելու ժամանակ հայտարարել էր, թե՝ «Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:
Գ.Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ս.Սարգսյանի հայտարարություններին և Հայաստանի՝ Աստանայում Եվրասիական տնտեսական միության կազմավորման պայմանագրին առայժմ մաս չկազմելու հարցերին:
– Պարոն Սահակյան, Լեռնային Ղարաբաղը կարո՞ղ է դիմել Մաքսային միություն մտնելու համար:
– Մաքսային միությունը սահմանային խնդիրներ չի լուծում: Առանց Ղարաբաղի Հայաստանը որևէ քաղաքական, դիվանագիտական, նաև տնտեսական համաձայնությունների չի գնա:
– Այսինքն՝ Սերժ Սարգսյանը չի՞ ստորագրի Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը:
– Սերժ Սարգսյանը կստորագրի, և Ղարաբաղը Հայաստանի հետ միասին, ինչպես այսօր, իր առևտրական, տնտեսական կապերի առումով նույնությամբ կմասնակցի բոլոր այն խնդիրներին, ինչին մասնակցում է մեր երկիրը:
– Այսինքն՝ Ղազախստանի և Ադրբեջանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Իլհամ Ալիևը չե՞ն խոչընդոտի այդ գործընթացներին:
– Ոչ թե Նազարբաևը, այլ Եվրասիական տնտեսական միությունը որևէ նման ծրագիր չի կարող առաջացնել և ոչ էլ նման խնդիրներ կարող է քննարկել: Մենք պիտի ուղերձներն ու լուրջ դիվանագիտական աշխատանքները տարբերենք: Ղազախստանն ու Ադրբեջանը բավականին բարեկամական հարաբերությունների մեջ են, և դիվանագիտության մեջ կամ նման ֆորումներում հնարավոր է մեկը մյուսին նման մեսիջներ անեն: Պարզապես մեզ մոտ այն մոտեցումն է, որ ով մեզ հետ բարեկամություն է անում, ուրեմն պիտի պարտադրված թշնամի լինի Ադրբեջանին, և հակառակը: Մեր քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրը Ղարաբաղի թնջուկի լուծումն է:
– Բայց Սերժ Սարգսյանը հստակ ասում է՝ «ով է ասում, որ Լեռնային Ղարաբաղը մտնելու է Մաքսային միություն»:
– Իհարկե, ԼՂՀ-ն չի մտնելու ՄՄ, որովհետև իրավական տեսակետից այն աշխարհի կողմից ընդունված պետություն չէ: Բայց կոնկրետ այս դեպքում ԼՂՀ-ն Հայաստանի հետ է, և կարծում եմ, որ ավելի լավ պայմաններ են ստեղծվում մեր հետագա խնդիրները լուծելու համար:
– Իսկ ճի՞շտ էր նախագահի այն ձևակերպումը, թե, մեր պատկերացումներով, Ղարաբաղը Հայաստանի մաս չէ:
– Մենք օրենքի շջանակներում, դիվանագիտական հանգամանքներից ելնելով, քանի որ գործընթացները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում են, արձանագրային տեսքով Ղարաբաղը Հայաստանի կազմում կամ Ղարաբաղի անկախությունը չենք ընդունել:
– Օրենքով՝ այո, իսկ պատկերացումներո՞վ:
– Դրա համար էլ ասում եմ, որ Ղարաբաղն այսօր մեզ համար հոգևոր արժեք է, մեր դիվանագիտության հիմական թեման է: Եվ Հայաստանը որևէ կառույցի կամ պետության հետ որևէ վտանգավոր փոխհարաբերության չի գնա, եթե Ղարաբաղի խնդրին ինչ-որ մի բանով կվնասի:
– Ղարաբաղն իսկապե՞ս անկախ է, թե՞ այն ընդամենը մեր պատկերացումներով է անկախ:
– Ղարաբաղին մենք համարում ենք անկախ պետություն:
– Ի±նչն էր խանգարում Սերժ Սարգսյանին որևէ կերպ արձագանքել Ն.Նազարբաևին և, ինչպես ինքն է ձևակերպել, չընկնել տհաճ վիճակի մեջ:
– Այնտեղ խոսքը Ղարաբաղին չէր վերաբերում, ընդհանուր խնդրի մասին էր խոսքը: Եվ բացի դրանից՝ կարծում եմ, որ նախագահը ճիշտ վարվեց, որ չարձագանքեց, որովհետև դրանով ավելի շատ ընդգծելի կդառնար, ավելի կարժևորվեր Նազարբաևի հայտարարությունը:
– Բայց այդպիսով էլ Նազարբաևի հայտարարությունը գերիշխող, ազդեցիկ դարձավ:
– Դա արդեն կարծիք է, որը մեզ համար ընդունելի չէ: Դիվանագիտական առումով քայլը շատ ճիշտ էր: Ենթադրենք, թե ինչ-որ բան ասեր, ես չեմ կարծում, որ մենք անպայման ինչ-որ կերպ հատկանշեինք Նազարբաևի ասածը և մտածեինք, որ նա է որոշելու մեր երկրի ճակատագիրը: Մենք մեր երկրի ճակատագիրն ինքներս որոշել ենք: Որևէ փոխզիջման, որը կվերաբերի Ղարաբաղին, Հայաստանը չի գնա:
– Եթե մեր երկիրը մտնի Եվրասիական տնտեսական միություն, չե՞ք կարծում, որ Ադրբեջանը Նազարբաևի կամ Լուկաշենկոյի միջոցով անընդհատ փորձելու է խոչընդոտել Հայաստանի աշխատանքներին:
– Անկախ այդ կառույց մտնել-չմտնելուց՝ Ադրբեջանն անընդհատ փորձելու է խոչընդոտելՀայաստանի առաջընթացին: Եվընդհանրապես, դիվանագիտական հարաբերություններում, բնական է, կա կողմնորոշումը կասեցնելու ամեն մի դրական գործ:









































