Ինչպես խոստացել էր մամուլի խոսնակը, Սերժ Սարգսյանը խոսեց Աստանայի մասին, այսպես ասած, արտահայտվեց: Արտահայտվելը այդ իմաստով ավելի բնորոշ է, քան խոսելը, որովհետև խոսք հասկացությունը երևի թե ավելի խորքային բովանդակություն է ենթադրում, քան արտահայտվելը: Իսկ Սերժ Սարգսյանի խոսքում խորքային բովանդակությունը բացակայում էր:
Նա հայտարարեց, որ Նազարբաևի հայտարարությունը տհաճ էր: Իսկ ինչո՞վ էր տհաճ: Տհաճության պատճառը ո՞րն էր: Սա շատ կարևոր է, որովհետև եթե ասվեր պատճառը, հենց դա կլիներ խոսք: Իսկ պատճառը Սերժ Սարգսյանը չի ասում, որովհետև պատճառը ասելն արդեն ենթադրում է քաղաքական գործընթաց, քաղաքական պատասխանատվություն, ենթադրում է պետության ղեկավարի, այսպես ասած, կարգավիճակային վարք: Մինչդեռ Սերժ Սարգսյանն այդ ամենից հեռու է, նա զբաղված է անձնական և նեղ խմբային հարցեր լուծելով, և նրա համար տեղի ունեցածը տհաճ էր, որովհետև «ավելորդ խոսակցության» տեղիք է տվել, այսպես ասած խանգարել է նրա հանգիստ ընթացքը: Ոչինչ ավելի, ոչ մի բան պետության հետ առնչվող:
Ղարաբաղի և Մաքսային միության մասին հիշատակումներն էլ Սերժ Սարգսյանի արտահայտություններում ոչ մի կապ չունեն պետության, պետական կարգավիճակի հետ: Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե ով էր ասում, որ մենք Ղարաբաղով էինք գնալու ՄՄ, Ղարաբաղը, ըստ մեր օրենքների, Հայաստանի մաս չէ: Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է Ղարաբաղը, ինչի՞ մաս է, մա՞ս է, թե՞ ամբողջական անկախ պետություն: Ո՞րն է սրա պատասխանը, ինչո՞ւ չկա պատասխան: Չէ՞ որ քաղաքական անարժանապատվության հերթական դրսևորումն է, երբ Հայաստանի նախագահի պաշտոնում գտնվող մարդը հայտարարում է, որ Հայաստանի մաս չէ Ղարաբաղը, սակայն չի ասում՝ իսկ ի՞նչ է: Ադրբեջանի՞ մաս է, Ռուսաստանի՞ մաս է, անկախ պետությո՞ւն է:
Սերժ Սարգսյան, իսկ ի՞նչ է Ղարաբաղը: Այդ հարցի պատասխանն է պետական կարգավիճակից բխող վարք, մնացյալ ընդամենը արտահայտություններ են, ոչինչ չասող արտահայտություններ, և, ըստ էության, ավելի լավ կլիներ, որ ինչպես Աստանայում էր լռել Սարգսյանը, այնպես էլ լռեր Հայաստանում: Թե չէ ի՞նչ է ստացվում. նա մի կողմից հայտարարում է, որ Մաքսային միության մեջ չէ, որ լուծվում է Ղարաբաղի հարցը, հետո հայտարարում, որ Մաքսային միությանն անդամակցումը կնպաստի Ղարաբաղի հարցի լուծմանը: Ինչպե՞ս: Ինչպե՞ս է, որ հարցը ՄՄ-ում չի լուծվում, բայց ՄՄ մտնելը նպաստում է, այն դեպքում, որ Մինսկի Խմբի երեք համանախագահներից երկուսը՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որևէ կապ չունեն ՄՄ-ի հետ: Այսինքն՝ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառո՞ւսն են լուծելու:
Տեսնում ենք, Աստանայում երևաց, թե ինչպես են լուծելու. թքած ունենալով Հայաստանի վրա և չնեղացնելով Ալիևին: Սերժ Սարգսյանն իր արտահայտությունները դասավորելիս, պետք է որ պատասխանների մասը թողներ իրեն, իսկ այն, ինչ որ նա ասել է Ծաղկաձորում երիտհհկականներին, պետք է, ըստ էության, հարցերի տեսքով տային հենց նրանք: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը հարցեր է տալիս, ըստ էության, ոչ թե պատասխաններ՝ հասարակությանը հուզող հարցերին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, ըստ էության, լրագրողական աշխատանքով է զբաղված, ոչ թե պետական քաղաքականությամբ: Եվ երևի թե հենց լրագրությունն էլ Աստանայում գտնվելու նրա նպատակն էր՝ լուսաբանել եռյակի գագաթնաժողովը: Դրա համար էլ Աստանայում Սերժ Սարգսյանը միայն գլխով էր անում:










































