Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ սկսվել է Գրիգոր Ֆահրադյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի Արագած գյուղի 41-ամյա բնակիչ Գրիգոր Ֆահրադյանը 2014 թվականի փետրվարի 17-ին, ժամը 18-ի սահմաններում իրենց տան բակում կենցաղային հարցերով վիճաբանել է կնոջ հետ, ուրագը նետել է կնոջ ուղղությամբ ու սպառնացել, թե կսպանի նրան:
2 օր անց՝ փետրվարի 19-ի կեսօրին Գրիգոր Ֆահրադյանը տանը ձեռքերով ծեծի է ենթարկել կնոջը՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Գրիգոր Ֆահրադյանը մեղադրվում է կնոջը սպանելու սպառնալիքի և ծեծելով կնոջ առողջությանը թեթև վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով և 117 հոդվածով:
Ֆահրադյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:









































