Իրանում հասարակությունը և քննադատները լրջորեն անհանգստացած են երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի` երկրում ծնելիության բարձրացման կոչին: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Խամենեին, ով օրերս Իրանի կառավարությանը կարգադրել է զբաղվել այդ խնդրով, Իրանում ընտանիքներին կոչ է արել ունենալ 5 և ավելի երեխաներ: Հոգևոր առաջնորդը նյութական օգնություն է առաջարկել այն ընտանիքներին, ովքեր պատրաստ են վերադառնալ իսլամական ընտանեկան ավանդույթներին: Այդ ընտանիքներում նորմալ է համարվում 5, 8 և նույնիսկ 10 երեխայի առկայությունը:
Սակայն, ոչ բոլոր իրանցիներին է դուր եկել այաթոլլայի գաղափարը: Շատերին մտահոգում է այն, որ վերոնշյալ քարոզարշավը կարող է երկրում խաթարել կանանց իրավունքները. շատ աղջիկներ ստիպված կլինեն թողնել ուսումը կամ մոռանալ աշխատանքի մասին:
Քննադատները նաև մտահոգված են Իրանում հակաբեղմնավորիչների վաճառքի սահմանափակմամբ, ինչը կարող է մեծացնել սեռավարակների հավանականությունը:












































