Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական բժիշկ Ալբերտո Զանգրիլոյի խոսքով՝ քաղաքական գործիչը պետք է Քենիա տեղափոխվի՝ մշտական սթրեսներից հեռու, որոնց քաղաքական գործիչը ենթարկվում է իր հայրենիքում: Այս մասին հայտնում է Vesti-ն:
«Բեռլուսկոնին ենթարկվում է սթրեսի, այսպիսի սթրես կտաներ Քրիշտիանու Ռոնալդուն, եթե ստիպված լիներ խաղալ ցածրագույն լիգայում: Հենց այդպիսի իրավիճակում է նա, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Քենիան զինակիցների հետ հանդիպումներից հարյուր անգամ լավ է»,- ընդգծել է բժիշկը:
Հարկ է նշել, որ որոշ ժամանակ առաջ Սիլվիո Բեռլուսկոնին երկրորդ անգամ է այցելել աֆրիկյան այդ երկիր: Հանգստությունից և լիցքաթափումից բացի՝ բժիշկը նրան խորհուրդ է տվել դիետա՝ ածխաջրերի և տեղի մրգերի հիման վրա:
Վերջին շաբաթներին Իտալիայի կառավարության 76-ամյա նախկին ղեկավարը մի քանի սթրեսային իրավիճակներում է հայտնվել: Պատճառներն են՝ խարդախությունների գործով դատավճիռը, «Ազատության ժողովուրդ» կուսակցության դիրքերի թուլացումը, ինչպես նաև չավարտվող դատական գործընթացը՝ անչափահասների մասնակցությամբ երեկոների գործով:







































