Մերձավոր Արևելքում միջուկային զենքից ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ համաժողովը, որը պետք է անցկացվեր դեկտեմբերին` Հելսինկիում, չի կայանա: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին: Համաժողովը չեղյալ հայտարարելու պատճառը «դրա անցկացման ամսաթվի անհաջող ընտրությունն է»:
Նշենք, որ համաժողովի ժամանակ Իսրայելն ու մուսուլմանական պետությունները պետք է քննարկեին միջուկային զենքից ազատ գոտի ստեղծելու հարցը:
Նախ` այդ հարցի քննարկման համար միջազգային հանդիպումը համաձայնեցվել էր 2010 թվականին՝ 189 պետությունների կողմից, որոնք ստորագրել էին Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր: Բանակցություններին պետք է ներկա լինեին նաև Իրանի ներկայացուցիչները:
Ավելի վաղ ԱԷՄԳ-ի համաժողովում իսլամական մերձավորարևելյան պետությունները մեղադրել էին Իսրայելին միջուկային զենք ունենալու մեջ: Թել Ավիվը չի հերքում, սակայն չի էլ հաստատում զանգվածային ոչնչացման զենքի առկայության փաստը:
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը ստորագրած պետությունները միջուկային զինաթափման թեմայով համաժողովներ են անցկացնում 5 տարին մեկ:









































