ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մայիսի 29-ին խորհրդարանում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, դիմելով ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին, հիշեցրեց՝ Աստանայում այսօր հայտարարություն է արվել, որ Հայաստանի անդամակցությունը կճանաչեն ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված սահմանների։ «Ռուսաստանի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանները նույնպես տարբեր են: Այսօրվա Ռուսաստանի սահմանները ներառում է Ղրիմը, որի դեմ հենց Դուք անձամբ քվեարկել եք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։ Այսինքն՝ ճանաչել եք Ռուսաստանի սուվերենությունը Ղրիմի նկատմամբ: Հիմա ի՞նչն է խնդիրը, որ մենք չենք կարող անդամակցել ԼՂՀ-ի հետ միասին այն մաքսայինին, որին Ռուսաստանը միանում է Ղրիմով՝ օտար պետության բռնակցված տարածքով»,- ասաց նա: Որպես ՄԱԿ-ում նախկին կոլեգա՝ Արզումանյանը նաև խնդրեց փոխնախարարին ասել՝ ինքն անձամբ, մինչև քվեարկելը, հորդորե՞լ է իր ղեկավարությանը, որ դեմ քվեարկելով այդ բանաձևին՝ Հայաստանը կարող է շատ լուրջ մեկուսացման մեջ ընկնի և դասվի ՄԱԿ-ի 194 երկրներից այն տասնյակի շարքերին, որոնք ոչ միշտ է, որ մեծ վարկանիշ ունեն այդ կազմակերպություններում
Նազարյանն, արձագանքելով պատգամավորի խոսքին, նախ նկատեց, որ նա ունի հսկայական փորձ՝ բազմակողմ դիվանագիտական հարթակում աշխատելու, ուստի կարծում է՝ նրա մեկնաբանություններն ունեն նաև խորքային բովանդակություն: «Այնպես ստացվեց, որ այս երկու հանձնաժողովների համատեղ նիստը համընկավ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության այցի հետ, վստահ եմ, որ առաջիկայում կլինեն հավելյալ մտքեր, մեկնաբանություններ: Ղրիմի ճանաչման հարցի մասին շատ է խոսվել: Մենք, դեմ քվեարկելով բանաձևին, չենք ճանաչում Ղրիմը: Այսինքն՝ դա չի ենթադրում Ղրիմի ճանաչում: Այդ քվեարկության ժամանակ գիտեք, որ մեր մեկնման կետն է եղել, մեր սկզբունքային դիրքորոշումը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցը»,- ասաց նա: Նազարյանը պատգամավորին դիմելով՝ ասաց, որ նա ևս քաջատեղյակ է՝ իրենք երբեք չեն հանդուրժել միջազգային իրավունքի այդ կարևորագույն սկզբունքի ( դա, ըստ փոխնախարարի, համարվում է նաև միջազգային հանրության ողնաշարը) ստորադասումն այլ սկզբունքի, ինչն իրենց համար միշտ եղել է անընդունելի, նույն կերպ և հիմա է:
Արզումանյանը նշեց, որ իրենք մշտապես ողջունել են և համարել են, որ որևէ հիերարխիա տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման ֆունդամենտալ սկզբունքների միջև չկա, սակայն այս պարագայում վիճահարույց է ինքնորոշման իրականացման ձևը, քանի որ ճիշտ թե սխալ, միջազգային հանրության զգալի մասը՝ այդ թվում՝ մեր բարեկամները, գտնում են, որ տեղի է ունեցել բռնակցում, և դժվարանում են հստակ պատկերացում ստանալ, թե ինչ պայմաններում է անցել այդ հանրաքվե կոչեցյալը: «Սա է տարակուսանքը: Մենք սովոր ենք, հա՞, անկախությանը դեմ ըլլալով անջատումին՝ կողմ, կամ կողմ ըլլալով անջատումին դեմ կըլլանք: Եթե այդքան սկզբունքային ենք, ինչու՞ չենք ճանաչում Հարավային Օսիայի, Աբխազիայի և այլոց՝ մեր պես գերեվարված նախկին խորհրդային կայսրությունում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- ասաց նա:
Փոխնախարարը, անդրադառնալով պատգամավորի մատնանշած մյուս տարածքների ճանաչման հարցին, նշեց, որ այս պահին երևի թե վաղ է դրա մասին խոսել, որովհետև մենք ինքներս դեռ չենք ճանաչել ԼՂ հանրապետությունը: «Դրանով է պայմանավորված, որ մենք դեռևս չենք ձեռնարկել այդ քայլը՝ կապված մյուս տարածքների հետ, որ նշեցիք: Ես չեմ ուզում հավելյալ մեկնաբանություններ անել՝ այն պատճառով, որ նշեցի, որ Դուք բանիմաց եք այս հարցերում»,- ասաց նա:










































