Շվեյցարացի գիտնականները հետազոտության արդյունքում եզրակացրել են, որ սև թեյն օգնում է նվազեցնել երկրորդ տիպի շաքարախտի ռիսկը:
Մասնագետներն ուսումնասիրել են 50 երկրների քաղաքացիների առողջական վիճակի տվյալները, նրանց հետաքրքրել է նաև ճարպակալման հետ կապված երկրորդ տիպի շաքարախտի տարածվածությունը: Նրանք եզրակացրել են, որ երկրորդ տեսակի շաքարախտի ամենափոքր ցուցանիշները գրանցվում են այն երկրներում, որտեղ մարդիկ հաճախ են սև թեյ ըմպում:
Սև թեյի «հակաշաքարախտային» ազդեցությունը փորձագետները բացատրել են թեյի տերևների մշակման գործընթացով, որի ժամանակ թեյը կանաչից վերածվում է սևի: Այս գործընթացի ժամանակ արտադրվում են ֆլավոնոիդներ, որոնք շատ օգտակար են առողջության համար:
Թեյախմության առաջատարը Իռլանդիան է դարձել, որտեղ մեկ մարդուն տարեկան բաժին է ընկնում միջինը 2 կգ սև թեյ, հայտնում է Firstnews-ը:
Առաջին եռյակում են հայտնվել նաև Մեծ Բրիտանիան և Թուրքիան: Այս երկրներում շաքարախտով հիվանդանում են ավելի քիչ, քան Բրազիլիայում, Մարոկկոյում և Մեքսիկայում:
Նշենք, որ երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների թիվը վերջին տասնամյակներում մեծացել է 6 անգամ ` մինչև 285 մլն մարդ: Ըստ կանխատեսումների` մինչև 2030-ը այս թիվը կմեծանա մինչև 438 մլն:








































