«Ինձ համար պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ է փորձ արվում այս առաջարկությունը կապել Ռոբերտ Քոչարյանի հետ: Ես տրամաբանական որևէ կապ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի և Ռոբերտ Քոչարյանի միջև չտեսա»,- երեկ «Առաջին լրատվական»-ին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` պատասխանելով, մեր հարցին, թե մեկնաբանություններ եղան, որ 100 տոկոս համամասնականի վերաբերյալ ԲՀԿ առաջարկը Ռոբերտ Քոչարյանին վարչապետ բերելու նախաձեռնություն է:
Հետաքրքրվեցինք, թե այն հանրապետականները, որոնք այդ մասին խոսում են, նրանց ասածն է՞լ է, Դավիթ Հարությունյանի կարծիքով, զուրկ տրամաբանությունից, քանի որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էր այդ կոնտեքստում խոսել: «Չեմ ասում` ուրիշի խոսքը զուրկ է տրամաբանությունից, թե ոչ: Հարցրեք իրեն, ես իմ կարծիքն արտահայտեցի»,- հայտարարեց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ի պատասխան 100 տոկոս համամասնականի անցնելու ԲՀԿ առաջարկի` ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր. «Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է և ակնհայտ՝ որտեղ մշակված»:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ 100 տոկոս համամասնականի առթիվ ՀՀԿ-ն նոր ասելիք չունի, քանի որ ամիսներ առաջ լսումներ են եղել, որտեղ նաև այդ հարցն է քննարկվել և ինքը ներկայացրել է ՀՀԿ հիմնավորումները, թե ինչու է Հանրապետականը դեմ 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Նկատեցինք, որ փաստորեն ՀՀԿ հիմնավորումները համոզիչ չեն եղել քաղաքական ուժերի համար, եթե այսօր քաղաքական ուժերը` և՛ Դաշնակցությունը, և՛ ՀԱԿ-ը, և՛ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» դրա անհրաժեշտության մասին են խոսում: «Անկեղծ ասած, ես չէի էլ հավակնում համոզելու, ես ներկայացնում էի մեր դիրքորոշումը ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկը համոզվի կամ չհամոզվի: Իսկ ձեր ասածը հետևյալն է` փոքրամասնությունը չհամոզվեց, այո՛, հնարավոր է, որ փոքրամասնությունը չհամոզվի, դրա համար գոյություն ունի մեծամասնություն, որը որոշում է կայացնում»:
Մեր հարցին, թե չի՞ կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է զրկվել քաղաքական ուժերի պոտենցիալ աջակցությունից, եթե այս հարցում որևէ զիջման չգնա, և բացի 10 հազար անդամ ունեցող ՕԵԿ-ից այլ քաղաքական աջակցություն չունենա, ՀՀԿ անդամը պատասխանեց. «Տեսականորեն չեմ բացառում ձեր ասածը, թեև համաձայն չեմ, որ միայն այդ հարցը բավական է, որ քաղաքական ուժերին հարող ընտրազանգվածը քվեարկի այս կամ այն թեկնածուի օգտին: Նմանատիպ բազմաթիվ հարցեր կան երկրի զարգացման հետ կապված, և սա դարձյալ կլինի պարզունակ մոտեցում երկրի քաղաքականության ներքին և արտաքին ողջ տիրույթը բերել և որպես միակ սկզբունքային հարց ամրագրել 100 տոկոսանոց համակարգով»:
Ակնհայտ է, սակայն, դա կարող է առիթ դառնալ, որ ԲՀԿ-ն չսատարի Սերժ Սարգսյանին, եթե ՀՀԿ-ն որդեգրել է ինքնաբավ կուսակցության դիրքորոշում և իրեն միայն իր` մեծամասնության կարծիքն է հետաքրքիր: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, երբ գնում է ընտրությունների, առաջին հերթին հույսը դնում է հենց իր վրա: Ցանկալի է, որ համագործակցությունը ստացվի, բայց եթե չստացվի, արդեն քաղաքական ուժը պետք է կատարի իր առջև դրված խնդիրները»,- ասաց Հարությունյանը:










































