ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու Աստանայում Հայաստանը չստորագրեց Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը: «Չէր նախատեսվում, որ հենց այսօր պետք է ստորագրվի, այսօր պետք է ճշտվի, նախագահը կոչ արեց մինչև ամիս 15-ը ստորագրել, սպասում ենք պատասխանի»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք մինչև հունիսի 15-ն էլ հաստատապես չի կարելի ասել, որ կստորագրվի պայմանագիրը, փոխնախարարը դժվարացավ պատասխանել, նշեց, որ այսօր պարզ կլինեն զարգացումները. հանդիպումները, քննարկումները շարունակվում են: «Պայմանագրի ստորագրումը չի հետաձգվում, և խնդիրներ էլ չկան: Ճանապարհային քարտեզը պատրաստ է, ու եթե կան մեկ-երկու ճշտված հարցեր, դրանք, ինչպես հանրապետության նախագահն ասաց, կարելի է մեկ-երկու օրում շտկել»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ հիմքով է Ղազախստանի նախագահ Նազարբաևը հայտարարում, որ Հայաստանի հետ խնդիրներ կան: Մանասարյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ ընդհանուր տրամադրվածությունը շատ դրական է, և կարծում է, որ նախագահի խոսքերում արտահայտված ժամկետները կիրականան:
Փոխնախարարը շեշտեց. իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Բելառուսիան ու Ղազախստանը դեմ են ՄՄ-ին Հայաստանի անդամակցմանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի











































