Այսօր Աստանայում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, դիմելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, նշել է, որ Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը միայն առանց Լեռնային Ղարաբաղի: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
«Եթե բոլոր առևտրական հարցերը լուծվում են, ապա անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը որոշի մեկ հարց. որ Մաքսային միությանը պետք է անդամակցել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով»,- ասել է Նազարբաևը:
Հիշեցնենք, քիչ առաջ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման փաստաթուղթը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը այդ կառույցին կմիանա մինչև հունիսի 15-ը: