Ամերիկայի Վիրջինիա նահանգում սենատոր Ռիչարդ Բլեքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին շնորհակալություն է հայտնել ահաբեկչական խմբավորումներից քրիստոնյաներին պաշտպանելուն ուղղված կառավարական զորքի գործողությունների համար: Այս մասին հայտնի է դարձել Ասադի Facebook-յան պաշտոնական էջից:
«Թանկագին նախագահ Ասադ: Ես գրում եմ, որպեսզի սիրիական բանակին շնորհակալություն հայտնեմ Քալամուն շրջանում քրիստոնյաների հերոսական փրկության համար: Ես առանձնապես շնորհակալ եմ նշանավոր հաղթանակի համար Յաբուրդ քաղաքում, որտեղ սիրիական բանակն ու ռազմաօդային ուժերն ազատել են քրիստոնյաներին ու այլ դավանանքների ներկայացուցիչներին, որոնք մի քանի տարի գերի են եղել ահաբեկիչների ձեռքում»,- ասվում է սենատորի նամակում, որը հրապարակվել է Facebook սոցցանցում՝ Ասադի պաշտոնական էջում: Ամերիկյան ԶԼՄ-ների հետ զրույցում Բլեքը հաստատել է, որ նամակը վավերական է:
Սենատորի ուղերձում խոսվում է Մաալյուլյա քրիստոնեական քաղաքը ազատագրելու մասին, որը մի քանի ամիս «Ջեբհաթ-ան-Նուսրա» իսլամիստական խմբավորման վերահսկողության տակ էր:
«Միևնույն ժամանակ, միայն քիչ ամերիկացիներ են հասկանում, որ Սիրիայում ընդդիմադիրներին հիմնականում վերահսկում է «Ալ-Քաիդան»՝ մեր ամենաոխերիմ թշնամին: Ես չեմ կարող բացատրել, թե ինչու ամերիկացիները, որ այդպես տուժել են «Ալ-Քաիդայից», թույլ են տվել իրենց խաբել ու աջակցում են ջիհադիստներին: Բայց ես հաստատ գիտեմ, որ ԱՄՆ իշխանությունների շատ ներկայացուցիչներ համաձայն չեն Հորդանանի և Թուրքիայի հետ սահմանով ձեր տարածք ներթափանցող ահաբեկիչներին մարզելու և զինելու քաղաքականությանը»,- գրել է սենատորը:











































