«Այն, ինչ վերջին ամիսներին տեղի է ունենում Հայաստանի քաղաքական վերնախավում, հավակնում է հետագայում՝ պատմության մեջ վերնագրվել Երրորդ Հանրապետության առաջին բաժանում` նմանությամբ առաջին հազարամյակում Հայաստանի հետ տեղի ունեցած իրադարձությունների:
Ընթացիկ պատմությունը սկիզբ է առնում 2006 թվականից, երբ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսի շղարշի տակ իշխանության հասած Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը, իսկ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ, տխրահռչակ Սերժ Սարգսյանն իր տակ մտցրեց Հանրապետական կուսակցությունը, որն իշխանական կարգավիճակ էր ստացել 1999 թվականին, Վազգեն Սարգսյանի առաջնորդության պայմաններում:
Գաղափարն ի սկզբանե պարզ էր. Սերժ Սարգսյանի հիմնական առաքելությունն էր հսկողության տակ վերցնել հոկտեմբերի 27-ին զոհված Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի քաղաքական, վարչական հենարանը հանդիսացած մարդկանց»,- «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վերլուծությունը:
Դրա վերջում Փաշինյանը գրում է. «Հ.Գ. Գիտեմ, որ բանավեճերի առարկա է Ռ. Քոչարյանի դերակատարումն այս պրոցեսում: Վերը շարադրվածի համատեքստում, սակայն, Քոչարյանի անձնական դերակատարումն էական չէ, էականը գործարկվող սցենարն է: Իսկ սցենարի մեջ «Ռոբերտ Քոչարյան» կարող է խաղալ ցանկացած nք: Քաստինգին մասնակցածների թվից, իհարկե: Գրվածից ամենևին չի բխում, թե պայմանական կոալիցիայի ներսում չեն կարող լինել հակադրություն, պայքար, նույնիսկ թշնամանք: Այդ պայքարը, սակայն, քաղաքական դաշտի 90 տոկոսանոց հատվածի բաժնեմասերի համար է, թե ՀՀԿ-ԲՀԿ-ից ով կունենա 50 տոկոսը և ով` մնացած 40-ը: Այս պայքարից և դրա ելքից, սակայն, ստատուս քվոն չի փոխվում, որովհետև 90 տոկոսը շարունակում է մնալ ՀՀԿ-ԲՀԿ գույնի: Ինչ համամասնությամբ` էական չէ»:











































