Չիկագոյի գիտնականները եկել են եզրակացության, որ հնագույն թռչունների ֆաունան եղել է բավական աղքատիկ: Դրանում բացակայել են խոշոր և ջրլող թռչունները: Գիտնականների հետազոտությունը հրապարակված է Proceedings of the Royal Society ամսագրում:
Կենսաբանները հետազոտել են Չինաստանում հայտնաբերված մի խումբ թռչունների քարացած մարմիններ, որոնք ապրել են մոտավորապես 125 մլն տարի առաջ: Գիտնականների ենթադրությամբ՝ հենց այդ ժամանակ են սկսել հայտնվել առաջին նման կենդանիները:
Գտածոները հետազոտողներին թույլ են տվել վերականգնել թռչունների արտաքին տեսքը:
Կենսաբանները կարողացել են կառուցել վիճակագրական մոդել, որը տարածել են թռչունների հայտնաբերված գտածոների վրա և նման կերպ ուսումնասիրել թռչունների կենսաբազմազանությունը:
Գիտնականները կարծում են, որ հնագույն թռչունների ցածր կենսաբազմազանության պատճառներից մեկը նաև թռչունների՝ որպես դասի, նոր սկսվող էվոլյուցիան է, որը թույլ չի տալիս արագ հասնել կենսաբազմազանության:







































