ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների մեծամասնությունն ընտրել է Բարաք Օբամային և ոգևորված է նրա վերընտրությամբ` «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է Լոս Անջելեսում գործող հայկական MAGA հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն, քաղաքական մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանը: Նրա փոխանցմամբ` ամերիկահայերի ոգևորությունը հիմնականում պայմանավորված է Ռամիլ Սաֆարովի արտահանձման դեպքին Օբամայի արագ և կոշտ արձագանքով: «Դա էստեղի ժողովրդին շատ մեծ բան տվեց»,- փոխանցել է Հովսեփյանը:
Փաստորեն, Սաֆարովի արտահանձնումն ու դրան տրված ԱՄՆ նախագահի կոշտ արձագանքն այս քարոզարշավի ընթացքում փոխարինել են Ցեղասպանության ճանաչման խոստման խնդրին: Այսինքն, ԱՄՆ-ի հայ քաղաքացիներն ընտրություն կատարելիս բոլորովին այլ` նոր շարժառիթ են ունեցել: Քանի որ Սաֆարովի դեպքը թարմ էր, նրանք մոռացել են «չկատարված խոստման» մասին և ոգևորվել թարմ դեպքի հետ կապված Օբամայի կոշտ արձագանքով: «ՀԺ»-ն սեպտեմբերի 7-ի համարում գրել էր, որ ըստ փորձագետների` անհնար է, որ Ադրբեջանն ու Հունգարիան մեկ տարի բանակցեին Սաֆարովի արտահանձնման շուրջ, և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը չիմանար դրա մասին:
«Բայց չէ՞ որ կարող է պարզվել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ Սաֆարովի շուրջ բանակցությունները չնկատել տալու իր քաղաքական դրդապատճառներն է ունեցել: Ու շատ զվարճալի կլինի, եթե պարզվի, որ Օբամայի դրդապատճառները կրկին նույնն են` երեք ամսից այնտեղ սպասվող նախագահական ընտրությունները»,- գրել էր «ՀԺ»-ն սեպտեմբերին: Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ այդտեղ ոչ մի զվարճալի բան չկա:











































