Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պետական այցով գտնվում է Ինդոնեզիայում, քննադատել է Արտարժույթի միջազգային հիմնադրամին: Ինչպես տեղեկացրել է Haber7 գործակալությունը, թուրքական առաջնորդը Բալի է ժամանել՝ մասնակցելու Միջազգային ժողովրդավարության հինգերորդ համաժողովին, այնուհետև երկարացրել է իր այցը ևս մեկ օրով:
Ելույթ ունենալով՝ Էրդողանը կտրուկ կերպով հայտարարել է, որ իր երկիրն այլևս ԱՄՀ-ի հետ չի համագործակցի: Նրա կարծիքով՝ շատ երկրներ փորձում են ԱՄՀ-ի միջոցով փրկել իրենց տնտեսությունը, սակայն ավելի վատ դրության մեջ են հայտնվում:
«Արդեն երրորդ անգամն է, որ Թուրքիան չի ստորագրում «Սթենդ բայ» համաձայնագրի տակ: Թուրքիան վճարել է ԱՄՀ-ի 23,5 միլիարդ դոլարի պարտքը, մենք այժմ 1,3 միլիարդ դոլարի պարտք ունենք,և այլևս չենք համագործակցելու ԱՄՀ-ի հետ: Ապրիլին վերջնականապես կվճարենք մեր պարտքը: Թուրքիան այլևս այդ համագործակցությունը շարունակելու ոչ մի ցանկություն չունի»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:








































