Թուրք հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը բրիտանական The Telegraph պարբերականի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչու է իր գեղարվեստական թանգարանը իրականություն դարձրել:
Թղթակցի հետ նա խոսել է իր գեղարվեստական հերոսների, նրանց կյանքի, երևակայությունների մասին: Օրհան Փամուկի երկրորդ վեպը՝ «Լուռ տունը», որը տպագրվել է 1983 թվականին՝ թուրքերենով, և նոր թարգմանվել է անգլերեն, պատմում է անպատասխան սիրով տառապող Հասանի մասին, ով գաղտնի ուսումնասիրում է սիրելիի պայուսակը, մինչ վերջինս լողում է: Արևայրուքի քսուքից, դրամապանակից, մազակալներից ու ծխախոտից բացի, նա այնտեղ գտնում է կանաչ սանր և վերցնում դա՝ որպես իր անմար կրքի հուշ:
«Իմ վեպում Հասանը տենչում է իր ողջ էությամբ, ի հայտ բերում լավ կյանքով ապրելու ցանկություն: Հավանում եմ այդ գաղափարը: Դա արտիստիկ գաղափար է, սակայն շատ իրատեսական: Մենք ավելի խորն ենք սիրահարվում, երբ ապերջանիկ ենք»,- ասե լ է Փամուկը:
Հոգեկան նմանօրինակ ապրումներ են նկատվում նաև «Անմեղության թանգարան» վեպում. «Այն քաղաքականության մասին չէ,այն սիրո պատմություն է, սակայն այն քաղաքական իմաստ ունի այն առումով, թե ինչպես է տղամարդը ճնշում կնոջը՝ Մերձավոր Արևելքին բնորոշ իրավիճակ»:
«Արվեստը այս աշխարհի մանրուքների միջոցով այլ աշխարհներ տեսնելն է: Ձեռքդ գիրք վերցնել՝ նշանակում է ձեռքում պահել լավատեսություն: Հետևելով պատմությանը՝ կհասկանաս մարդկային հոգին: Գիրքը խոստում է…»,– ասում է Փամուկը:








































