Ուկրաինացի զինվորականների հասցրած ավիահարվածով Լուգանսկի մարզում անջատողականների ուսումնամարզական ճամբար է ոչնչացվել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում:
«Ավիահարվածով ոչնչացվել է Լուգանսկի մարզի Յասենի գյուղում գտնվող ահաբեկիչների ուսումնամարզական ճամբարը»,- RIA Novosti-ի հաղորդմամբ՝ գրել է Ավակովը:
Դոնեցկի օդանավակայանը, որը զավթվել էր անջատողականների կողմից, այժմ գտնվում է ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ: Այս մասին, ըստ ՆԳՆ մամլո ծառայության, ասել է Ավակովը:
«Օդանավակայանը լիովին վերահսկվում է: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել, մենք կորուստներ չունենք»,- ասել է նա: Ապա հավելել է, որ անջատողականների շարքերում կորուստների մասին հստակ տվյալներ չունի, սակայն ենթադրում է, որ խոսքը մի քանի տասնյակ մարդկանց մասին է:












































