ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը երեկ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ներկայացրել են իրենց գործունեության տարեկան հաշվետվությունը:
Համանախագահներն իրազեկել են վերջին մեկ տարվա ընթացքում տարածաշրջան կատարած իրենց այցերի, անցկացրած հանդիպումների, ինչպես նաև այս տարվա հունվարին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին:
Նրանք քննարկել են նաև իրենց դերը դեսպան Կասպրշիկի ու նրա թիմի միջոցով տարածաշրջանում լարված պահերի վերահսկման ու լարվածության կանխման հարցում: Համանախագահները Մշտական խորհրդի նիստում գումարել են Մինսկի խմբի խորհրդաժողով: Նրանք նաև հանդիպել են Ուկրաինայի ու Շվեյցարիայի պատվիրակությունների հետ, որոնք նախագահելու են ԵԱՀԿ-ում:
Համանախագահները հայտնել են, որ այս ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան, ինչը կնախորդի դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:











































