Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Russia Today հեռուստաալիքի արաբական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին:
Ասադը հայտարարել է, որ Էրդողանն իրեն համարում է խալիֆ և Օսմանյան նոր սուլթան. «Թուրք ժողովուրդը ցանկանում է Սիրիայի ժողովրդի հետ ունենալ լավ հարաբերություններ, սակայն Էրդողանի կառավարությունը խոչընդոտում է դրան:
Էրդողանը ցանկանում է, որ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը տարածաշրջանում և մասնավորապես Սիրիայում իշխանությունը վերցնի իր ձեռքը, որպեսզի նա դրանով իսկ ստանա քաղաքական երաշխիքներ: Սիրիայի դեմ Էրդողանի հանդես գալու մյուս պատճառն էլ այն է, որ նա իրեն տեսնում է որպես Օսմանյան նոր սուլթան և խալիֆ: Այս երկու պատճառով Էրդողանը «զրո խնդիր» քաղաքականությունը վերածեց «զրո բարեկամ» քաղաքականության»:










































