Դանիայի բանտերում օտարերկրացի կալանավորների պահման համար պետք է վճարեն այն երկրները, որոնց քաղաքացին են այդ բանտարկյալները՝ կարծում են դանիացի քաղաքական գործիչները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից խորհրդարանական Յեպե Քոֆոդը հայտարարել է, որ, մասնավորապես, արևելաեվրոպական երկրները պետք է դանիական բանտերից հանեն իրենց քաղաքացիներին՝ պատիժը հայրենիքում կրելու համար, կամ վճարեն Դանիայում նրանց պահման ծախսերը:
Դանիական բանտերը լի են օտարերկրացիներով: Ըստ որոշ գնահատականների՝ դա Դանիայի գանձարանին արժենում է ավելի քան 36.4 մլն դոլար տարեկան: Չնայած այդ բանտարկյալները պահվում են 2008 թվականի հայրենադարձության մասին համաձայնագրի հիմքով՝ պետք է վերադարձվեն՝ պատիժը կրելու հայրենիքում, սակայն որոշ արևելաեվրոպական երկրներ հրաժարվում են նրանց ընդունել: Երկրները, որոնք չեն հետևում հայրենադարձության մասին համաձայնագրին, ըստ առաջարկի, պարտավոր կլինեն վճարել Դանիայի բանտերում իրենց քաղաքացիների պահման համար:
Դանիայի հեռուստաալիքին տված հարցազրույցում Քոֆոդն ասել է, որ մտադիր է շուտով համապատասխան օրինագիծը ներմուծել խորհրդարանի օրակարգ:
Դանիական բանտում մեկ կալանավորին պահելը, ըստ Քոֆոդի, օրական արժե 325 դոլար: Ռումինիայում, օրինակ, այն կազմում է 22 դոլար: Քոֆոդի խոսքով՝ հենց ծախսերի այս տարբերությունն է իրեն ստիպել հանդես գալ այս առաջարկով:








































