Չինաստանն ԱՄՆ-ի էլեկտրոնային լրտեսության գլխավոր թիրախն է, որը «կոպտորեն խախտում է միջազգային իրավունքները, մարդու իրավունքները և վտանգում համաշխարհային կիբերանվտանգությունը»: Այդ լրտեսությունը դուրս է եկել ցանկացած հակաահաբեկչական գործունեության խելամիտ սահմաններից և խախտելով բոլոր բարոյական սկզբունքները՝ ցույց է տվել իր «այլանդակ դեմքը»՝ ասվում է երկուշաբթի օրը China Daily կայքում Մեդիահետազոտությունների չինական կենտրոնի (Chinese Internet Media Research Center) հրապարակած զեկույցում:
Միացյալ Նահանգները օգտագործելով քաղաքական, տնտեսական և ռազմատեխնիկական ոլորտներում հեգեմոնի իր կարգավիճակը՝ «անամոթաբար» լրտեսում է այլ երկրների՝ ներառյալ իր դաշնակիցներին՝ ասվում է փաստաթղթում:
Հետաքննությունը հիմնվել է նաև ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած նյութերի վրա: Այն կազմվել է մի քանի ամիս՝ Չինաստանի տարբեր պետական ծառայությունների կողմից, և հաստատել է լրտեսումը ոչ միայն Չինաստանի կառավարության, ընկերությունների և երկրի հետազոտական ինստիտուտների, այլև համացանցի շարքային օգտատերերի և սմարթֆոնների տերերի:
Մեդիահետազոտությունների կենտրոնի զեկույցը հրապարակվել է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ծագած սկանդալից մի քանի օր հետո, երբ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը չինացի 5 զինվորականների մեղադրեց տնտեսական կիբերլրտեսութան մեջ:
Այդ ժամանակ Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի մեղադրանքները «մտացածին են ու կվնասեն ամերիկա-չինական հարաբերություններին ու երկրների փոխադարձ վստահությանը»:










































